ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակդեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերիային, վերջինիս խնդրանքով: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Գյուղատնտեսության նախարարությունից:
Այցը քաղաքավարական էր: Շնորհավորելով հյուրին դիվանագիտական նման բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը համառոտակի ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակը, զարգացման միտումներն ու ծրագրերը:
“Չնայած վերջին տարիներին արձանագրված դրական տեղաշարժերին գյուղատնտեսության զարգացման մեջ, մենք դեռ լուրջ անելիքներ ունենք եւ անչափ կարեւորում ենք դրսի փորձի ընդօրինակումը: Ձեր երկիրը զարգացած անասնապահության երկիր է, եւ հատկապես այս ոլորտում է ցանկալի սերտացնել համագործակցությունը մեր երկու երկրների միջեւ”,- նշեց նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Դիեգո Ռիվերան պատրաստակամություն հայտնեց իր գործունեությամբ հնարավորինս օժանդակել հայ-արգենտինական համագործակցության զարգացմանը: Նա նշեց, որ առաջիկա գործակցության ուղիների որոշակիացման համար ինքը բերել է Գյուղատնտեսական եւ Արդյունաբերական Տեխնոլոգիաների Ազգային Ինստիտուտների գործունեության մասին համապարփակ տեղեկատվություն եւ կցանկանար դրանց վերաբերյալ ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարծիքը համագործակցության հնարավորությունների մասին: Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունն առաջիկա համատեղ ծրագրերի իրականացմանը, ըստ ամենայնի աջակցելու վերաբերյալ: