“Հրապարակը” գրում է, թե օրերս երեւանյան հայտնի սրճարաններից մեկում ԱԺ պատգամավոր, ոչ անհայտ Համլետ Հարությունյանը՝ “Բառադի” մականունով, մեկ այլ պատգամավորի այնքան վրդովված ու բարձրաձայն բողոքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, որ կողքի սեղանին նստածները լսել են նրա տրտունջն այն մասին, որ հոկտեմբերի 5-ին լրացել է Հարությունյանի 65-ամյակը, իսկ ԱԺ նախագահը “մի հատ շնորհավորանք, մի մարիֆաթ, մի շնորհքե ցույց չի տվել 90-ականներից “Արցախ” միության փոխնախագահ-նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ մարդու հասցեին` “էսքան վաստակիս, է՜ս անցած ճամփիս…”:
Բողոքը գլխի համաձայնողական տարուբերմամբ լսող ՀՀԿ-ական պատգամավորի հետ Համլետ Հարությունյանը զրույցն ավարտել է հետեւյալ “սպառնալիքով”. թե հեսա ԱԺ ամբիոնից կհայտարարեմ` ով ինչ վաստակ ունի էս երկրի առաջ, ով ինչով է զբաղված, էդ ժամանակ կիմանան:
Փորձեցինք պատգամավորից ճշտել այս տեղեկությունը, բայց Հարությունյանը մեր անմեղ հարցից, թե արդյոք իրեն հավուր պատշաճի շնորհավորե՞լ են ծննդյան տոնի առթիվ, բորբոքվեց եւ ասաց, որ իր անձնականի մասին, առանց իր համաձայնության, մեր թերթում որեւէ բան չգրենք: “Այո, հավուր պատշաճի է նշվել: Ես շատ գոհ եմ այն վերաբերմունքից, որ իմ ընկերներն ու գործընկերները ցուցաբերել են”:
Իսկ մենք գիտենք, որ Հովիկ Աբրահամյանի կողմից, այ, օրինակ, շնորհավորանք չի եղել՝ մեղմորեն առարկեցինք մենք: “Իմ մտերմիկ շրջապատը այ հիմա կողս է եւ կասի, որ ես որեւէ մեկից չեմ դժգոհել”,-հակադարձեց Հարությունյանը՝ նկատելով, որ ինքը շատ գոհ է, որ 65 տարի ապրել է: “Անգամ արժանացել եմ ,Վարչական բարեպաշտե մեդալի՝ Ղարաբաղի նախագահի կողմից, դե հիմի բոլորն ինձ մեդալ չեն տալու, չէ՞: Չէ, դրանք ճիշտ չեն, ես Աբրահամյան Հովիկից շատ գոհ եմ, մենք շատ մտերիմ ընկերներ ենք, ինքն էլ ինձ շնորհավորել է”: