Նոր հսկիչ դրամարկղային մեքենաներ՝ հունվարի 1-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, դրա ընդունման անհրաժեշտությունը նախևառաջ պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենքի պահանջներով: 
Մասնավորապես, համապատասխան օրենքի համաձայն 2013թ. հունվարի 1-ից արդեն իսկ ամսական ԱԱՀ վճարողները պարտավոր են կիրառել նոր ՀԴՄ-ներ: “Որպես ամսական ավելացված արժեքի հարկ վճարողներ ճանաչվում են այն տնտեսվարող սուբյեկները, ովքեր նախորդ օրացուցային տարվա ընթացքում ունեն ավելի քան 100 մլն դրամ հասույթ”,-ասել է Վախթանգ Միրումյանը: Ըստ նրա` նոր ՀԴՄ-ները կունենան օրական դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին փոխանցելու հնարավորություն:
Բանախոսը նշել է, որ նոր ՀԴՄ-ների ներդրումը լուծում է հարկային հասույթների հաշվառման խնդիրը, մասնավորապես, ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում: “Այսինքն` նոր ՀԴՄ-ների ներդրումը նախևառաջ պետք է լուծի ֆիսկալ հասույթների պաշտպանվածության խնդիրը տնտեսվարող սուբյեկտների մոտ”,-ասել է Վախթանգ Միրումյանը:




Լրահոս