ՍԱՏԱՐԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ԱԻՆ-ում “ատկատների” հարց չի կարող լինել, քանի որ ինքն իրեն չէր հարգի որպես ՀՀ քաղաքացի, որպես նախարար եւ որպես հայ տղամարդ:
-Պարո՛ն Երիցյան, ի վերջո, ՕԵԿ-ը կազմավորվե՞ց, կոնկրետ քանի՞ անդամ ունի Ձեր կուսակցությունը:
-Որպես կուսակցություն՝ ՕԵԿ-ը շատ վաղուց է, ինչ ձեւավորված է, նոր որոշում էր կայացվել նախագահի եւ ընդհանուր մեր քաղխորհրդի կողմից, որ պետք է այնպես անենք, որ նոր մարդկանցով համալրենք մեր շարքերը, քանի որ ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ մենք ունեինք մեր բացթողումները: Հիմա արդեն համալրման փուլում է, նորմալ առաջ ենք գնում, կարելի ասել՝ արդեն համալրումն ավարտվել է: Բայց դա միանշանակ ասել հնարավոր չէ, քանի որ շարունակվող գործընթաց է: Անգամ մոտավոր թվեր չեմ կարող ասել, թե ՕԵԿ-ը քանի անդամ ունի, դեռ մենք հաշվարկներ ենք անում, շուտով այդ ամենի մասին ձեզ էլ կասենք: 
Եթե ՕԵԿ-ը ,անդամներիե պակաս չունի, ինչո՞ւ այլ երիտասարդների ,բերեցիքե ու փոխնախարարի եւ այլ պաշտոններում նշանակեցիք:
-Շուրջ մեկ տարի է՝ մենք այդ երիտասարդների հետ ծանոթացել ենք ու նրանց հետ աշխատում ենք, որոնք շատ գրագետ տղաներ են: Մենք կարծում ենք, որ պետք է երիտասարդները շատ լինեն, որոնք կգան, իրենց գիտելիքները կներդնեն, որը շատ ճիշտ որոշում էր մեր կուսակցության կողմից:
-Վերջերս Ձեր կուսակից Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը) հայտարարեց, որ ինքը նոր կուսակցություն է հիմնում: Այդքան  վա՞տ է ՕԵԿ-ում, որ Ձեր կուսակիցները դուրս են գալիս ու նոր կուսակցություններ հիմնում:
-Ո՛չ, վատ չէ, իսկ ինչ վերաբերում է նրան, որ Արայիկը ցանկանում է կուսակցություն հիմնել, ապա ճիշտ կլինի՝ այդ ամենի մասին իրենից հարցնե՛ք: Եթե մարդը որոշում է կուսակցություն բացել, դա պետք է միայն ողջունել, դա իր անձնական գործն է եւ ՀՀ Սահմանադրությամբ  արգելված չէ: Բոլոր կուսակցություններից էլ դուրս են գալիս, գնում են, համալրվում են:
-Իսկ Հայրապետյանն ինչո՞ի է նեղացել ՕԵԿ-ից, որ որոշել է նման քայլի գնալ:
-Չէ՛, բացարձակ նեղացած չէ, մենք շատ հաճախ հանդիպում ենք:
-Ա. Հայրապետյանն ՕԵԿ-ի՞ հետ է հաճախ հանդիպումներ ունենում:
-Չէ՛, Արմեն Երիցյանի հետ: Եւ նոր չէ, որ մենք Արայիկի հետ ընկերություն ենք անում, երկար տարիներ է, ինչ լավ ընկերներ ենք ու շարունակում ենք ընկերություն անել:  
-Իսկ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ՕԵԿ առաջնորդի հետ:
-Շատ լավ, շատ ընկերական:
Արթուր Բաղդասարյանի երազանքը մշտապես եղել է նախագահ դառնալը, նա չի՞ առաջադրում իր թեկնածությունը: 
-Մենք հայտարարել ենք, որ սատարելու ենք մեր նախագահ Սերժ Սարգսյանին:
-Պարզե՞լ եք, թե ինչու է ՀՀԿ-ի գրասենյակի տանիքը ,անմար կրակե դարձել, անվերջ այրվում է:
-Թուղթուգիր են արել (ծիծաղում է-Ս. Գ.): Ուղղակի զուգադիպություն է, առաջին դեպքը հոսանքի պատճառով էր, իսկ երկրորդը՝ շինարարական աշխատանքներից ստացված կայծից էր հրդեհը բռնկվել:
-Լինելով նախկին ոստիկան, օպերատիվ աշխատող՝ բացահայտե՞լ եք, թե ինչու այրվեց Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տանիքը:
-Նախնական տվյալներով՝ կրկին հոսանքի լարերի պատճառով է եղել, բայց շուտով արդարադատության նախարարությունը եզրակացություն կտա:
-Պարո՛ն Երիցյան, արդիական թեմա է դարձել ,ատկատներիե հարցը. Դուք “ատկատներ” վերցնո՞ւմ եք եւ ինչքա՞ն:
-Նման բան չկա ու չի կարող լինել, քանի որ այդ դեպքում ես ինձ չեմ հարգի որպես ՀՀ քաղաքացի, որպես նախարար եւ որպես հայ տղամարդ: Մեր գումարներն այնքան քիչ են, որ մենք յուրաքանչյուր կոպեկ մտածում ենք, թե որտեղ տանենք, որ մի քիչ բարելավենք մեր աշխատանքները: Աստված մի արասցե, եթե ես նման մի բան լսեմ մի տեղից, ուրեմն առաջինը ես կուղարկեմ իրավապահ մարմիններ:
-Նշեցիք, որ շատ “խնայողաբար” եք աշխատում, այդ դեպքում ինչո՞ւ են ԱԻՆ-ի գրեթե բոլոր ավտոմեքենաներն օգտվում ամենաթանկ “Ֆոլցվագեն” ընկերության ծառայություններից, երբ ամեն մի ծառայություն այնտեղ կրկնակի է հաշվվում մյուսների համեմատությամբ:
-Շատ սխալ տեղեկություններ են դրանք, նման բան իրականում գոյություն չունի, մենք մեր սեփական բազան ունենք, որոնք էլ սպասարկում են մեր մեքենաները: 
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթ 13.10.12.




Լրահոս