ՈՉ ԱՆՑԱՆԿԱԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Համաշխարհային հայկական կոնգրեսի վերընտրված նախագահ Արա Աբրահամյանը  հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում կոնգրեսը (չշփոթել Հայ ազգային կոնգրեսի հետ) սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս ժամանակագրական շեղումն իրականում բավական լարված քաղաքական գործընթացի արդյունք է: Արդեն նշել ենք, որ հայտարարելով դեկտեմբերին կայանալիք ՀՀԿ  համագումարում Ս. Սարգսյանի առաջադրման մասին՝ հանրապետականները, ըստ էության, սահմանեցին ԲՀԿ-ի կողմնորոշման վերջնաժամկետը: Ու որպեսզի ԲՀԿ-ն հնարավորինս շուտ կողմնորոշվի, եւ, բնականաբար, Ս. Սարգսյանի համար ցանկալի ուղղությամբ, Բաղրամյան 26-ը սկսել է ճնշումներ գործադրել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ճակատներում: Եւ Արա Աբրահամյանի կառույցի այս տարաժամ համագումարը` իր պուտինյան ուղերձով հանդերձ, հենց այդ համատեքստում պետք է դիտարկել: Սրանով, փաստորեն, ռուսական կապերով հպարտացող ԲՀԿ-ականներին ի ցույց է դրվում, որ ռուսական կապեր ասվածը խիստ հարաբերական եւ բազմաշերտ հասկացություն է: Եւ հոկտեմբերի 15-17-ը Ռուսաստան գործուղված ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի  աշխատանքային այցի  թիրախները` ի դեմս ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Ս. Իվանովի, ՌԴ ԱԱԽՔ Ն. Պատրուշեւի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի եւ էլի մի քանի ազդեցիկ պաշտոնյաների, հենց այդ բազմաշերտության համատեքստում պետք է դիտարկել, երբ առավել ազդեցիկ շերտերը պակաս ազդեցիկներին կարող են բացատրել, թե ով է Հայաստանում իրենց ցանկալի թեկնածուն: Զուգահեռաբար բացատրական աշխատանքներ են տարվում նաեւ երկրի ներսում, եւ քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի հարցաքննությունը եւս դժվար է այդ համատեքստում չդիտարկելը: Ու կախված  իրադարձությունների ընթացքից՝ չի բացառվում, որ այդ աշխատանքների շրջանակն ընդլայնվի եւ տարածվի նաեւ առողջապահության ու սոցապ նախկին նախարարների, ինչպես նաեւ` այլ ԲՀԿ-ական պաշտոնյաների վրա: Իսկ առայժմ ամենալուրջ «բացատրական աշխատանքը» տարվում է ԲՀԿ-ի երկրորդ դեմքի` Վ. Օսկանյանի նկատմամբ իրականացնող քրեական հետապնդմամբ, որը, կախված քաղաքական նպատակահարմարությունից, միջազգային քաղաքական կենտրոնները, համենայնդեպս` առնվազն մեկը, կարող են հայտարարել որպես բացառապես քաղաքական հետապնդում: Առայժմ նրանք սահմանափակվում են «մտահոգություններով»: Հետեւաբար, իրականում շատ բան կախված է նրանից, թե արդյոք Օսկանյանի գործի իրավական կողմը բավականաչափ հիմնավոր է: Ամեն դեպքում, դատելով Ս. Սարգսյանի նախաձեռնած հակաքայլերից՝ վերջինս ԲՀԿ-ի ցանկալի կողմնորոշումը համարում է իր վերընտրության համար պարտադիր պայման: Այլ հարց է, թե բացառապես Ս. Սարգսյանին սատարելն է այդ ցանկալի կողմնորոշումը, թե այնուամենայնիվ, կան նաեւ այլ` ոչ անցանկալի տարբերակներ:




Լրահոս