Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, զբոսայգիների ու բակային տարածքների սանիտարական մաքրման, ինչպես նաև շաբաթօրյակի աշխատանքները:
Այս մասով հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ շաբաթօրյակներին ակտիվորեն ներգրավելով քաղաքապետարանի ենթակայության կրթական, առողջապահական հաստատություններին, նաև համատիրություններին: Հանձնարարվել է նաև գույքագրել և սեղմ ժամկետում վերացնել այդ տարածքների արտաքին լուսավորության ցանցում առկա թերությունները:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ ամենօրյա ստուգայցերի արդյունքում ապրիլ ամսին հայտնաբերվել և արձանագրվել է 59 դեպք: Ողջունելով տնտեսվարողների ակտիվությունը՝ քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող հսկողությունը:
«Այսօր կարող ենք վստահ ասել, որ յուրօրինակ մշակույթ ձևավորելու ուղղությամբ տարված մեր աշխատանքները որոշակի արդյունք տվել են: Բազում տնտեսվարողներ բարեխղճորեն կատարում են ավագանու որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Բայցև բավարարվել առկա արդյունքներով նույնպես պետք չէ, ուստի շարունակեք այս ուղղությամբ աշխատանքները, որպեսզի ունենանք 100 տոկոսանոց արդյունք», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է հսկողության տակ պահել 2015 թվականի ծրագրով վարչական շրջաններում մեկնարկած շքամուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման գործընթացը և պարբերաբար զեկուցել ընթացքի մասին: Հանձնարարվել է նաև գույքագրել և մեկնարկել բակային տարածքների նկարազարդման ու գունազարդման աշխատանքները: