«Ժողովուրդ»-ը 2012թ. մայիսի 12-ի իր համարում (82-րդ) գրել էր, որ կենսաթոշակների թալանի գործով մեղադրվող եւ այժմ կալանավորված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը հափշտակած 240 մլն դրամը ամենամսյա վճարումների տեսքով կիսվել էր որոշ պատգամավորների հետ:
Դրա համար էլ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից արված բացահայտումներից հետո Խաչիկյանը սպառնացել էր իրեն ձերբակալելու դեպքում տալ այն բոլոր ՀՀԿ-ականների անունները, որոնք ոչ միայն տեղյակ են եղել իր գործունեությունից, այլեւ ինքը նրանց պարբերաբար գումարներ է վճարել: Ըստ այդմ, խոսվում էր, որ Խաչիկյանն այդ գումարները փոխանցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, սակայն վերջինս չհաստատեց տեղեկությունը:
-Պարո՛ն Սահակյան, գնացե՞լ եք Ձեր կուսակից ընկերոջը՝ Վազգեն Խաչիկյանին, տեսակցության:
-Դեռեւս չեմ այցելել, բայց միտք ունեմ այցելելու, ոչ թե ինչ-որ բան իմանալու, այլ պատշաճությունից ելնելով:
-Ինչ-որ բան կա՞, որը Ձեզ խանգարում էր այս երկու շաբաթների ընթացքում այցելել նրան:
-Այդտեղ ես մի այդպիսի, որ ասենք, մեծ մոտեցում չեմ տեսնում, այցելելու կամ չայցելելու համար, համենայնդեպս, հակված եմ այցելելու: Սովորաբար նման տեղեր չեմ այցելում, բայց ուշիուշով հետեւում եմ գործողություններին եւ չեմ կարծում, որ սենսացիաների գնալու ինչ-որ բան պետք է անեմ: Դեռ չեմ որոշել, թե երբ, բայց պետք է պայմանավորվեմ հատուկ համապատասխան մարմինների հետ:
-Ինչո՞ւ եք ասում՝ պատշաճությունից ելնելով, Դուք կարծում եք, որ նա մեղավո՞ր չէ:
-Չեմ կարծում՝ Խաչիկյանի կողմից որեւէ յուրացում է տեղի ունեցել, պարզապես քննչական մարմինները բավական երկար ժամանակ քննություն են կատարել աշխատողների շրջանում, եւ այդ ամենի հետ կապված այնպիսի պատասխաններ են առաջ եկել, եւ ինձ թվում է՝ դրանք վերաբերվել են նաեւ Խաչիկյանին:
-Չկա՞ն համապատասխան փաստեր, որոնց հիման վրա նրան ձերբակալել են. հիշեցնեմ՝ խոսքը վերաբերում է 240 մլն դրամ հափշտակելուն:
-Չեմ կարծում, որ այնտեղ այդքան մեծ հնարավորություններ կան, այնքան մեծ թվեր կան, որ Խաչիկյանը կարողանար յուրացնել:
-Ըստ մեր տեղեկությունների՝ Վ. Խաչիկյանն այդ գումարները կիսվել է Ձեզ հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ուր էր՝ Աստված աներ (ծիծաղում է-Ք. Մ.):
-Իսկ կուզենայի՞ք՝ կիսվեր:
-… (ծիծաղում է-Ք. Մ.):
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ