Այսօր` մայիսի 5-ին, գործարկվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի թվով 55-րդ` «Սայաթ-Նովա» մասնաճյուղը: Այս օրը բանկի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ մայիսի 5-ին է ծնվել բանկի գլխավոր գործադիր տնօրեն, վաղամեռիկ Ստեփան Գիշյանը:
Լրագրողների հետ զրույցում բանկի գործող գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը նշեց, որ աշխատակիցներն արել են հնարավոր ամեն բան, որպեսզի բանկը գործարկման դրվի հենց այսօր:
Այսպիսով, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի նոր մասնաճյուղը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայի 8-րդ շենքի 21/1 հասցեում: Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում գործող ծառայությունները` իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
Մյուս մասնաճյուղերի օրինակով, այս մեկը ևս նորաձև և հարմարավետ կահավորված է և հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: Գլխավոր առանձնահատկություններից մեկը, ինչպես առանձնացրեց գլխավոր գործադիր տնօրենը, այն է, որ այստեղ հատուկ նշանակություն է տրվել փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված պայմաններին, որոնցով նրանք հնարավորություն կունենան իրենց բիզնեսն աճեցնելու:
Ի դեպ, մասնաճյուղում այսուհետ կգործի հատուկ հարմարեցված շուրջօրյա տարադրամի փոխանակման կետ, որտեղ հաճախորդները հնարավորություն կունենան նաև վարկի մարումներ անել և այլ գործարքներ իրականացնել:
Նոր մասնաճյուղի կառավարիչ Սուրեն Զաքարյանը հայտնեց, որ նոր մասնաճյուղը լիարժեք կգործի մի քանի օրից և հաճախորդներին կմատուցի բանկային ժամանակակից ծառայություններ: