Ո՞ՒՄ ՀԵՏ ՄԵՐ ԲԱԽՏԸ ՀԱՄԸՆԿԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի շուրջ զարմանալի նախախնամություն է ստեղծվել, ու նրանց շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններն իշխանություններին որեւէ լավ բան չեն խոստանում:
Վերջին ամիսներին իշխանություններին հետապնդում է կրակը, ընդ որում, հետապնդում ամեն քայլափոխի՝ ե՛ւ հանրահավաքի, ե՛ւ համերգների ժամանակ, ե՛ւ անգամ սովորական օրերին, երբ երկու անգամ հրդեհվեց այդ կուսակցության կենտրոնական գրասենյակի կտուրը: Միգուցե սրանք ուղղակի համընկնումներ են, միգուցե, այնուամենայնիվ, իրենց մեջ որոշակի խորհուրդ են պարունակում. հարցին դժվար է միանշանակ պատասխան տալը:
Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարմանալի զուգադիպությունները միայն այսքանով չեն սահմանափակվում: Շատերը կհիշեն ամռանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցն ու Հայաստանում Ս. Սարգսյանի հետ հանդիպումը: Քլինթոնն այստեղ խոսքեր չէր խնայել իշխանությունների ու անձամբ Ս. Սարգսյանի հասցեին՝ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները որակելով մրցակցային ու բաց, բացի այդ՝ ասելով, որ իրենք գիտեն, թե Ս. Սարգսյանն անձամբ ինչպես է ջանասիրությամբ աշխատել Հայաստանին առնչվող տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու համար, ԱՄՆ-ն ակնկալում է նրա հետ երկխոսության շարունակություն եւ այլն, եւ այլն: Ճիշտ է, նախագահականի տարածած հաղորդագրության մեջ Քլինթոնին վերագրված արտահայտությունների մի մասն իրականում ԱՄՆ պետքարտուղարը չէր հնչեցրել: Բայց դա չխանգարեց, որպեսզի իշխանությունները պատեհ-անպատեհ շահարկեին այդ խոսքերը ու հայտարարեին, թե Ս. Սարգսյանը վայելում է արեւմուտքի աջակցությունը:
Ու մինչ իշխանություններն այսպես կհրճվեին «առաջնորդի» դիվանագիտական ձեռքբերումներով, նրանց գլխին սառը ջուր լցրեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ իր մի քանի հիշեցումներով: Պարզվում է՝ ժամանակին Հիլարի Քլինթոնը այդ կերպ իր աջակցությունն էր հայտնել Եգիպտոսի նախկին առաջնորդ Մուբարաքին, գեղեցիկ խոսքերով շոյել նրա ականջը: Բայց կարճ ժամանակ անց Մուբարաքը հեղափոխության արդյունքում հրաժարական տվեց եւ դատապարտվեց ցմահ բանտարկության: Իսկ նույն ԱՄՆ-ը ողջունեց Եգիպտոսի ժողովրդի հաղթանակը: Կարապետյանը նաեւ հիշեցրել էր, թե ինչպես տիկին Քլինթոնն իր աջակցությունն էր հայտնել նաեւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, որը կրկին կարճ ժամանակ անց հայտնվեց բանտում:
Նախօրեին էլ, ահա, Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն անկեղծացել էր Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ իր մտերիմ հարաբերությունների մասին: «Ես անձամբ մոտ էի Լիբիայի նախկին ղեկավար Քադաֆիի հետ, անգամ հրավիրել էի նրան Հայաստան: Քադաֆին տեղյակ էր հայ ազգից, մտահոգված էր մեր խնդիրներով: Ես Լիբիայի ժողովրդի բարեկամն եմ մինչ օրս»,-ասել էր նա: Արա Աբրահամյանը նաեւ հայտարարել էր, որ իր ղեկավարած կազմակերպությունն առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Ս. Սարգսյանի թեկնածությունը: Որեւէ մեկը չի կասկածում, որ Արա Աբրահամյանը ժամանակին սատարել է նաեւ իր մտերիմ Մուամար Քադաֆիին: Բայց արի ու տե՛ս, որ Քադաֆին համաժողովրդական ընդվզման արդյունքում տապալվեց՝ կորցնելով իշխանությունը:
Ճակատագրի հեգնա՞նք է սա, բախտի քմահաճո՞ւյք, թե՞ զարմանալի նախախնամություն: Դժվար է ասել: Բայց մեկ բան հստակ է՝ զուգադիպությունները շատ են: Միակ տարբերությունը հեղափոխված երկրների հետ այն է, որ այնտեղ ժողովուրդը սոցիալ-տնտեսական շատ ավելի լավ վիճակում էր ապրում, քան այսօր Հայաստանում է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս