Եթե նախկին պաշտոնյաների բնակարանների վրա կատարված հարձակումների գործով ամբաստանյալը Արտուշ Հակոբյանն է իր խմբով, ապա Վայոց ձորում կատարված ավազակային հարձակման գործով նշյալ մարզի գյուղերից մեկի բնակիչ Արտուշ Հակոբյանը տուժողն է:
Տուժող Արտուշի դժբախտության առաջին պատճառն այն է, որ նրա ազգական Ասատուրը, ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, ոչ միայն բերանբացություն է արել իր ունեցվածքի մասին, այլեւ մասնակցել այն թալանելու գործընթացին՝ դրսում «աթանդա» կանգնելով: Սույն թվականի ապրիլի սկզբներին Երեւանի Էրեբունի թաղամասի բնակիչ Արմեն Առաքելյանը Երեւանի նախկին Բանվորի արձանի տարածքում գործող շինանյութի շուկայում անծանոթ մի անձից 200 ԱՄՆ դոլարով ապօրինի կերպով ձեռք է բերել 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ եւ 60 հատ մարտական փամփուշտ: Ըստ քրեական գործի նյութերի՝ հատուկ նպատակով զենք ձեռք բերելուց հետո 48-ամյա Արմեն Առաքելյանը նախնական համաձայնության է եկել մի քանի երիտասարդների՝ երեւանցի Բախշի Ռ. Դավթյանի, աբովյանցի Ասատուր Կ. Հակոբյանի եւ գավառցի Արեգ Ղ. Ղազարյանի հետ ու վերջինիս վարած «Լեկսուս» մակնիշի ավտոմեքենայով զինված, նախապատրաստված ուղեւորվել Վայոց ձորի մարզ՝ Արտուշի գյուղ:
Ապրիլի 25-ին՝ առավոտյան ժամը 10:30-ին, զինված եւ դիմակավորված խումբը ներխուժել է Արտուշի տուն, իսկ վերջինիս ազգական Ասատուրը մնացել է դրսում: Այդ պահին տանը եղել է Արտուշի կինը՝ Նարինեն: Վերջինիս կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ լիցքավորված զենքը նրա վրա պահելով, հարձակվողները կնոջը տարել են ննջասենյակ, պառկեցրել հատակին, կպչուն ժապավենով կապկպել ոտքերն ու ձեռքերը եւ նրանից պահանջել 240 հազ. դոլար եւ տանը եղած ամբողջ ոսկեղենը: Հետո կպչուն ժապավենով փակել են տանտիրուհու բերանը, եւ Արեգն ու Բախշին սկսել են տունը տակնուվրա անել. գտել են մոտ 1 մլն 200 հազ. դրամ գումար եւ 4 մլն 605 հազ. դրամի ոսկյա եւ ոչ ոսկյա զարդեր, քարեր ու հեռացել:
Նրանցից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակային հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, կրելը, փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ): Դրանցից առաջին հոդվածը նախատեսում է 8-ից 10, իսկ երկրորդը՝ 2-6 տարի ազատազրկում:
Այս «բանդայի» գործի դատաքննությունը մեկնարկել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ «բանդա-1»-ի գործի դատաքննությանը գրեթե համընթաց, սակայն Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
Որպես վերջաբան՝ թերեւս արժե զգուշացնել, որ պետք չէ վստահել անգամ ամենամտերիմ բարեկամին: Նրանք որքան կամենում, այնքան էլ չարակամություն են դրսեւորում: Տեսա՞ք՝ ինչ է արել Արտուշի ազգականը. հսկել է, որ թալանեն բարեկամի տունը:
«ԲԱՆԴԱ-2»-Ը՝ ԱՐՏՈՒՇԻ ՏԱՆ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ