
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել, թե ինչ է նշանակում ժամանակավոր կացության կարգավիճակը, եւ ինչ սկզբունքով է այն տրվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի եւ ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: ՀՀ ժամանակավոր, մշտական եւ հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար՝ ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը եւ հատուկ անձնագիրը: ՀՀ օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալը օտարերկրյա քաղաքացիների համար բավական դյուրին է: Այնինչ այլ երկրի գրանցում ունեցող քաղաքացիները բազմաթիվ անգամ դիմել են խմբագրությանը, որ Հայաստանում խախտվում են իրենց իրավունքները, քանի որ փաստաթղթերի ձեւակերպումը սկսվում է նյութական պահանջներով: