ՄՆԱՑԵԼ Է ՓԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Առաքելական եկեղեցին, որը  կոչված է ուղղորդելու իր հոտին  դեպի ամենայն լուսավորն  ու աստվածայինը, վերջերս   հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, որոնք, մեղմ ասած, միանշանակ չեն ընկալվում հանրության կողմից: Ընդ որում, այդ  նախաձեռնություններում Մայր Աթոռը հանդես է գալիս ավելի շատ  իբրեւ սեփական շահերին հետամուտ մի կազմակերպություն, քան թե իր  հոտի  հոգսերով մտահոգ հոգեւոր կառույց: Թերեւս շատերն են հիշում Լեզվի ինստիտուտի շենքի քանդման եւ ս. Կաթողիկե  եկեղեցու վերակառուցման պատմությունը, երբ իբրեւ հիմնավորում ներկայացվում էր միջնադարյան գողտրիկ եկեղեցին մայրաքաղաքին վերադարձնելու  անհրաժեշտությունը: Այսօր արդեն բոլորի համար  պարզ է, որ Եկեղեցու համար  դա ընդամենը պատրվակ էր` Երեւանի կենտրոնում հսկայական հողակտոր ստանալու եւ այդտեղ  կաթողիկոսական եւս մեկ  շքեղ  նստավայր կառուցելու համար:Կաթողիկոսի հաջորդ նախաձեռնությունը` կապված  «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը  քանդելու եւ տեղում նոր եկեղեցի կառուցելու հետ,   արժանացավ  արդեն ս. Կաթողիկեի դեպքից դասեր քաղած մտավորականների բուռն հակազդեցությանը: Եւ ստացվեց այնպես, որ մեր հոգեւոր հովվապետը անզիջում պայքարի մեջ մտավ սեփական հոտի հոգեւոր կորիզի` մտավորականության դեմ: Այս հակամարտությունը դեռ ավարտված չէ: Սակայն դատելով  Մայր Աթոռի` սեփական շահերը պաշտպանելու նախանձախնդրությունից, այն, ի վերջո, եւս կլուծվի հօգուտ Կաթողիկոսի:Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաջորդ թիրախը դարձավ  մշակութային «Արարատ» հեռուստաալիքը, որն անսպասելիորեն փակվեց` տեղը զիջելով  «Շողակաթ» եկեղեցական  ալիքին: Տարիներ շարունակ  «Հայ բիզնես» անվանումով խիստ հոգեւոր ծրագրեր հեռարձակող «Շողակաթը», այսուհետ իր չարչրկված սերիալները հեռարձակում է  Սերժ Սարգսյանի խոստացած մշակութային ալիքի հաշվին:Մշակութային դաշտի «հոգեւորականացման» գործընթացն այսքանով սահմանափակելով`    Վեհափառը ձեռնամուխ  է եղել գյուղատնտեսության ոլորտի եկեղեցականացմանը:   Գյուղատնտեսության ոլորտում եկեղեցական ներկայացուցիչ նշանակելու  նրա որոշումն ուղղակի զավեշտի ժանրից է: Անհասկանալի է, թե ինչո՞վ պետք է գյուղացիներին օգնեն եկեղեցականները: Պիտի աղոթեն, որ անձրե՞ւ գա կամ երաշտ չլինի՞: Եւ, ամենակարեւորը` վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով:Այսքանից հետո զարմանալի է, որ Կաթողիկոսը վերջապես ժամանակ է գտել նաեւ անդրադառնալու բանակում կատարվող սպանություններին ու բռնության դեպքերին: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան` երբեք: Այսքան ժամանակ Հայոց բանակում խաղաղ պայմաններում սպանվել են երիտասարդներ, սպանվել են հայի ձեռքով, իսկ գործերն էլ «ջրվել» են, սակայն  եկեղեցին լռել է: Հետո էլ ասում են, թե չի կարելի մեր հոգեւոր առաջնորդին քննադատել, վատ բան ասել, նա ազգային արժեք է: Բայց ինչպե՞ս կարելի է լռել, եթե մեզ «հոգեպես առաջնորդում» է` բիզնես մտածողությամբ, քեֆերի սիրահար վեհափառը:




Լրահոս