ՄՆԱՑԵԼ Է ՓԱՌԸ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությանը:  Ըստ Մայր աթոռի հաղոդագրության՝ վեհափառ հայրապետը բարձր է գնահատել Հայաստանի եւ Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջեւ ձեւավորվող համագործակցությունը:
Անկեղծ ասած` դժվար է հասկանալ, թե կաթողիկոսն ինչ գործ ունի երկու երկրների ՊՆ համագործակցության հետ, բայց դե` որ ընդունել էր, երեւի պիտի մի բան ասեր: Գարեգին Երկրորդի գահակալության ընթացքում արդեն սովորական երեւույթ է դարձել, որ ՀՀ ժամանող բարձրաստիճան հյուրերին, որպես տեսարժան վայր, անպայման տանում են նաեւ Մայր աթոռ ս. Էջմիածին` կաթողիկոսի հետ հանդիպման: Բան չունենք ասելու, արժե, որ բարձրաստիճան հյուրերը տեղյակ լինեն, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, որ ունենք Էջմիածին եւ այլն, բայց արդյոք արժե, որ Ամենայն հայոց հոգեւոր հայրապետ համարվող անձն ամեն անգամ  ընդունի ՀՀ ժամանող տարբեր ռանգի չինովնիկների, ի վերջո, կաթողիկոսն ուրիշ գործ չունի՞, քան օտարերկրյա հյուրերի համար Էջմիածնում   էքսկուրսավար աշխատելը: Չնայած երեւի թե այդ գործին էլ քիչ մնաց, քանի որ շուտով արդեն պատրաստ կլինի Երեւանի կենտրոնում կառուցվող կաթողիկոսական հսկա «ապարտամենտը», եւ Գարեգին Բ-ն արդեն իր հյուրերին կընդունի այստեղ` առանց նրանց համար էքսկուրսավարություն անելու եւ Էջմիածնի գանձերը ցույց տալու: Իսկ կաթողիկոսին կարելի է հանդիպել, ըստ էության, ամեն տեղ: Ազգիս հոգեւոր առաջնորդը հաճախում է այն բոլոր միջոցառումներին, որտեղ լինում է երկրի իշխանությունը: Չորս օր առաջ էլ, օրինակ, նա հիացմունքով վայելում էր ռուս երգչուհիների կիսամերկ բարեմասնությունները Երեւանի օրվա առթիվ Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգի ընթացքում: Ընդ որում, դրա նախորդ օրը վախճանվել էր Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Սակայն իր հոգեւոր եղբոր կորուստը սգալու փոխարեն Գարեգին Երկրորդը հրապարակավ զվարճանում էր: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Երուսաղեմի պատրիարքարանի առաջնորդի հուղարկավորությանը Մայր աթոռից կմեկնի ընդամենը երկուհոգանոց պատվիրակություն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ: Փաստորեն, Ամենայն հայոց-ը շատ է համարել մեկնել Երուսաղեմ` մասնակցելու հայ եկեղեցու նվիրապետական 4 աթոռներից մեկի առաջնորդի թաղման արարողությանը: Հետաքրքիր է՝ որն է պատճառը: Արդյոք առաջիկա օրերին նախատեսվում է ռուսական կիսամերկ երգչուհիների եւս մեկ համերգ, որը կաթողիկոսը չի ցանկացել բաց թողնել: Գուցե ոմանց համար նման հարցադրումը չափազանց կոպիտ կթվա, սակայն Գարեգին Երկրորդի վարքագիծը հենց նման հարցադրումների է արժանի:




Լրահոս