Մայիսի 5-ին ավարտվել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու ժամկետը: Հայտնի է, որ քաղաքական ուժերի կողմից գրավոր առաջարկ ներկայացրել է միայն ՀՅԴ-ն: Armlur.am-ն արդեն ներկայացրել է, թե մի քանի քաղաքական ուժեր ինչու չեն ներկայացրել իրենց առաջարկները: Այսօր կներկայացնենք նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի դիրքորոշումն այս հարցում:
«Նախ առաջին` փաստաթուղթը պատրաստ չէ: Վերջնական տեսքով հայտնի չէ, թե ինչ փոփոխությունների կամ նոր նախագծի մասին է խոսքը: Մասամբ հայտնի է, որ խոսքը կառավարման մոդելի մասին է: Առանձին դիտարկում անելն իրավական առումով ճիշտ չեմ համարում, քանի որ Սահմանադրությունն ամբողջական փաստաթուղթ է, և մեկ կետի մասին խոսելը կարող է թերացումների պատճառ լինել», – նշեց նա:
Քոքոբելյանը նշեց, որ մշտապես բարձրաձայնել են այն մասին, որ կառավարման և´ կիսանախագահական, և´ խորհրդարանական մոդելներն ունեն իրենց դրական և բացասական կետերը: Նրա խոսքով, այսօրվա գործող Սահմանադրությունում ինքը կոնկրետ մեկ կետի հետ կապված վերապահում ունի:
«Որտեղ գրված է` նախագահի թեկնածուներն անընդմեջ երկու անգամից ավել իրավունք չունեն առաջադրվելու: Այդտեղ պետք է գրված լիներ երկու անգամից ավել, այլ ոչ թե անընդմեջ: Ես գտնում եմ, որ այսօրվա Հայաստանի կոռումպացված քաղաքական համակարգի լճացում ունենք և դրա պատճառներից մեկը համարում եմ դա: Յուրաքանչյուր նախագահի հեռանալով ինքը հսկայական լծակների է տիրապետում և մեր տիպի երկրներում նաև ֆինանսական ռեսուրսների: Այս պայմաններում ցանկացած հեռացող նախագահի ետ վերադարձը ստեղծում է ոչ հավասար մրցակցային պայմաններ», – ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ այսօր օրենքների գերակայության հետ կապված մենք ավելի շատ ունենք չգործող, բայց լավ օրենքներ: Որպես օրինակ` նա բերեց 1991թ. ընտրությունները, երբ նույնիսկ ընտրական օրենսգիրք չկար: Քոքոբելյանը նշեց` այն դեպքում, երբ հստակ փաստաթուղթը կլինի, իրենք իրենց առաջարկները կներկայացնեն, սակայն ընդգծեց, որ Սահմանադրությունը պետք է լուծի քաղաքացիների մասնակցության հարցը քաղաքական գործընթացներին և վարվող քաղաքականությանը:
«Առաջնահերթություն եմ համարում, որ օրենքները գործեն: Երկու կառավարման համակարգերի դեպքում էլ աշխարհում եղել են թե´ վատ տարբերակներ, թե´ լավ: Աշխարհի փորձը խոսում է այն մասին, որ խորհդարանական կառավարման անցած երկրներն ավելի հեշտ են ժողովրդավարացման անցել: Իսկ ունեցած մարտահրավերների պատճառը ոչ թե Սահմանադրությունն է, այլ դրանք չկիրառելը», – նշեց պատգամավորը և հավելեց, թե համաձայն չէ այն տեսակետերին, երբ ասում են, որ առհասարակ փոփոխություններ անել պետք չէ: