Մարդն իր ալբոմի համար նկարվել է, հետո գցել է. Վահրամ Բաղդասարյանը` Բիբիլով-Սահակյան հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է Աժ նախագահ Գալուստ Սահակյանի չմտածված քայլին` Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հետ հանդիպմանը, որի արդյունքում լրջորեն լարվել են հայ-վրացական հարաբերությունները:

«Մի անխելքի` ջրհորը նետած քարը հանելուն լծված հարյուր խելոքներն» այս օրերին փորձում էին բոլոր հնարավոր միջոցներով մեղմել այս դիվանագիտական սկանդալի հետեւանքները, անգամ քննարկվում էր այդ նպատակով Թբիլիսի հայկական պատվիրակություն ուղարկելու հարցը: Տեղեկացանք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը Վրաստանի ԱԳՆ է հրավիրվել, իսկ ՀՀ-ում Վրաստանի դեսպանն այցելել է ՀՀ ԱԳՆ: Բացի այդ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Georgianews-ը տեղեկացրել է, որ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը մայիսի 4-ին կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն` Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի և Ցխինվալի դե ֆակտո իշխանությունների ներկայացուցչի հետ հանդիպման պատճառով:

Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն ծայրահեղ անհանգստություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցչի ու Ցխինվալի շրջանում գործող Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցչի, այսպես կոչված, «խորհրդարանի նախագահի» հետ հանդիպման փաստի կապակցությամբ»:

Գիգաձեն նշել է, որ սույն փաստը հակասում է Հայաստանի ու Վրաստանի միջեւ ավանդական բարեկամական համերաշխությանն ու վնասում է երկկողմ հարաբերություններին: Ըստ Georgianews-ի՝ հայ դիվանագետը ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ ու հայտարարել, որ «Երեւանը անհապաղ կտեղեկացվի Վրաստանի դիրքորոշման մասին»:

Այս հաղորդագրությունից հետո «Գրուզիա օնլայն» պորտալը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույց, որի ժամանակ Աբրահամյանը պատմել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի ու ինքնահռչակ Հարավային Օսիայի Հանրապետության ներկայացուցչի հանդիպման մասին:

Հ. Աբրահամյանը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Անատոլի Բիբիլովը ոչ աշխատանքային օրերին մասնավոր այցով եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ կայացել է նրա` անձնական բնույթի, ոչ պաշտոնական շփումը ՀՀ ԱԺ նախագահի հետ: «Հանդիպման ժամանակ չեն քննարկվել հարցեր, որոնք կապված են Վրաստանի օկուպացված տարածքների հետ: Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու դրա ինքնիշխանությանը եւ վերահաստատել է Հայաստանի ու Վրաստանի միջեւ բարիդրացիական հարաբերությունները»,- հայտնել է «Գրուզիա օնլայն» պորտալը:
Ի դեպ, նախօրեին Վրաստանի ԱԳՆ կոշտ հայտարարություն էր տարածել մայիսի 3-ին Արցախում կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ` ընդգծելով, որ չի ճանաչում դրանք:

Խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավորներն էլ իրենց հերթին էին փորձում «բացատրել», թե ինչու է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել ընդունել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին, նրա հետ լուսանկարվել ու հայտնվել սկանդալային իրավիճակում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս իրավիճակի պատճառով ողջ օրվա ընթացքում փորձել է ներքին կարգով վրացական իշխանություններին համոզել, որ Գ. Սահակյանի հանդիպումն իսկապես մասնավոր բնույթ է կրել, եւ դրա պատճառով որեւէ փոփոխություն չի կարող լինել հայ-վրացական փոխհարաբերություններում: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ով եւս այս օրերին ակտիվորեն քայլեր էր ձեռնարկում` հայ-վրացական այս սկանդալը հարթելու համար:

-Պարո՛ն Բաղդասարյան, Դուք պարզել եք, թե, ի վերջո, ինչո՞ւ է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպում ունեցել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովի հետ:

-Սխալ տեղեկություններ էին իրենք տարածել, որը որոշ ժամանակ հետո իրենք ուղեցին: Որեւէ պաշտոնական հանդիպում չի եղել, մարդը եկել է ու խնդրել է, որ գա ու ցավակցի Հայոց ցեղսպանության 100-րդ տարելիցի հետ կապված ու 2 րոպեով եկել, ցավակցել է, ներողություն է խնդրել, որ իրենք ապրիլի 24-ին ներկա չեն եղել, ու Արցախ է գնացել: Իրենք սկզբում սխալ ինֆորմացիա էին տարածել, հետո ուղղեցին իրենց՝ նշելով, որ հրավերը եղել է ԼՂՀ ԱԺ-ի կողմից:

-Իսկ ինչպե՞ս եք հարթելու հայ-վրացական հարաբերություններում առաջացած այս լարվածությունը, վրացական կողմն այս օրերին բավականին կոշտ հայտարարություններով հանդես եկավ:

-Չէ, չէ, հարթվել է, այդ խնդիրը կարգավորվել է, իրենք հասկացան, որ թյուրիմացություն է: Ի՞նչ է՝ մենք իրավունք չունե՞նք ցանկացած քաղաքացու, կլինի դա ԱԺ նախագահ, կամ այլ մեկը, որ ուզում է իր ցավակցությունները հայտնել, ընդունել: Մարդը ասում է՝ ուզում եմ ցավակցեմ ձեզ, ադրբեջանցին էլ եթե անգամ գա ու ասի, որ ուզում է ցավակցել… ֆորումի ժամանակ թուրքը եկավ, ելույթ ունեցավ, մարդուն հարգեցինք, ես էլ տարել եմ մարդուն, հաց եմ տվել: Մարդը իր ալբոմի համար նկարվել է, հետո գցել է, հետո 700 անգամ ներողություն են խնդրել… դա պաշտոնական չի եղել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս