ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՍ ԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ախթալա քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում: Դպրոցի առաջին հարկի վերանորոգման աշխատանքները կատարվել են երկու միջազգային կազմակերպությունների կողմից: Սակայն երբ հերթը հասել է տանիքի վերանորոգմանը, ծածկը փոխելու ժամանակ անձրեւ է տեղացել եւ վնասել առաջին հարկի վերանորոգված դասասենյակները: Մեր այցելության պահին վերանորոգվում էին վնասված դասասենյակները:
Տեղեկացնենք, որ շաբաթներ առաջ դպրոցն անվանակոչվել է հայ մեծ բարերար Միքայել Արամյանցի անունով: Դպրոցի տնօրեն Շուշան Հոբոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ափսոսանքով նկատեց, որ դպրոցը շատ խնդիրներ ունի. «Աշխատում ենք տարբեր ճանապարհներով լուծել դրանք: Կառույցը 50-ականների է եւ հիմնավերանորոգման խնդիր ունի: Առաստաղը շատ վտանգավոր վիճակում է գտնվում: Այս վիճակով էլ ստիպված դաս ենք անում»:
Նա մեզ պատմեց, որ սեպտեմբեր ամսին առաջին հարկի դասասենյակները միջազգային երկու կազմակերպությունների կողմից վերանորոգվել են: Սակայն առաջին հարկը վերանորոգելուց հետո, երբ տանիքը ծածկ չի ունեցել (վերանորոգելու նպատակով այն հանվել է), անձրեւ է եկել եւ ամբողջությամբ վնասել առաջին հարկի վերանորոգված դասասենյակները: Նշենք, որ դպրոցի տանիքի վերանորոգման համար այս տարի ՀՀ պետբյուջեից հատկացվել էր 8 միլիոն դրամ:
«Մի խայտառակ վիճակ ստեղծվեց, առաստաղը փլվեց, ու ջուրը նույնիսկ առաջին հարկ հասավ, կրկնակի աշխատանք դարձավ մեզ համար: Շատ վտանգավոր է այս պայմաններում դաս անել: Ես անձամբ անձրեւից հետո բարձրացել եմ տանիք ու մեծ քարերը դեն եմ շպրտել, ի՞նչ իմանաս, միգուցե ընկնեին աշակերտների գլխին»,-պատմեց դպրոցի տնօրեն Շուշան Հոբոսյանը, որի կարծիքով՝ այդ ամենի մեղավորը վերանորոգման աշխատանքներ իրականացնող շինարարական ընկերությունն է` «Ժիրայր Սահակյան» ՍՊԸ-ն, որը հոգացել է առաջին հարկի դասասենյակների վերանորոգման  ծախսերը:  «Փոխելու ընթացքում այնպես պետք է անեին, որ ինչ-որ փոխարինող բան դնեին, որ անձրեւը չթափվեր ու առաստաղը վնասեր: Ե՛ւ իրենց մեղքն է, ե՛ւ ոչ: Միգուցե բնությունն էլ է մեղավոր»,-պարզաբանեց Հոբոսյանը` նշելով, որ տանիքը վերանորոգվել է, իսկ  առաստաղը` դեռ ոչ:
Դպրոցի վերանորոգման հարցով զրուցեցինք նաեւ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ, որը վստահեցրեց. «Դա վերանորոգվելու է անպայման, շուտով կսկսվեն շինաշխատանքները»:
Իսկ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Շինարարին հանձնարարվել է առաջին հարկի թերությունները վերացնել: Նրա մեղքն է, ինքն էլ պետք է վերանորոգի: Նա պարտավորվել է իր կողմից կատարված թերությունները վերացնել: Իր հաշվին էլ կանի: Երկրորդ հարկի առաստաղի ծակերն էլ նա կփակի, որովհետեւ դա նույնպես իր մեղքով է: Հետագայում հնարավոր կլինի փայտե առաստաղի խնդիրն էլ լուծել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս