Ինչու և ինչպես դառնալ բաժնետեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկսած 1999թ.-ից ԱՄՆ-ում բնակչության մոտ 54%-ը ներդրումներ ունի արժեղթղթերում: Արժեթղթերի առքուվաճառքն Ուոլլ սթրիթի ստեղծման օրվանից դարձել է խնայողությունների ներդրման և պահպանման առավել քննարկվող և շահավետ ուղղություններից մեկը:

Ցավոք, Հայաստանում ոչ բոլորն են գլուխ հանում ֆոնդային բորսայի աշխատանքից, կամ էլ ժամանակ և հնարավորություն չունեն ձեռքբերելու համաշխարհային ճանաչում վայելող ընկերությունների արժեթղթղեր: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք խնայողություներն ապահով պահելու և եկամուտ ստանալու այս հնարավորությունից:

Ճիշտ է, Հայաստանում արժեղեղթերի շուկան մասսայականություն դեռևս չի վայելում, բայց գործող միակ ֆոնդային բորսայում` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»–ում,  իրականացվում է որոշ ընկերությունների բաժնետոմսերի, պետական և կորպորատիվ պարտատոմսերի առքուվաճառք: Եթե խոսենք պարզ և հասկանելի լեզվով, առանց տնտեսագիտական եզրույթների, ապա կարելի է ասել` բաժնետոմսը փաստում է, որ այն գնողը ներդրում ունի տվյալ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:

Այսինքն, բաժնետոմս գնողը  դառնում է կազմակերպության իրական ակտիվի սեփականատեր, ստանում կազմակերպության կառավարման գործընթացում մասնակցելու և այն վերահսկելու իրավունք:

Իսկ ինչպե՞ս կարելի է մուտք գործել ֆոնդային բորսա և դառնալ բաժնետեր մեզ նման սովարական մարդկանց` ֆիզիկական անձանց: Նախ պետք է համապատասխան պայմանագիր կնքել մասնագիտացված միջնորդի` բրոքերի հետ:  Բրոքերն իր հաճախորդի, այսինքն` մեր հանձնարարականով բորսայում կգնի և կվաճառի մեր իսկ նախընտրած բաժնետոմսերը:

Այժմ դիտարկենք ընդհանրապես ֆոնդային բորսա մուտք գործելու, արժեթղթեր գնելու և բաժնետեր դառնալու դրդապատճառները: Բաժնետոմսերի գնորդը ստանում է ձայնի իրավունք բաժնետերերի ժողովում` բնականաբար իր գնած բաժնետոմսերի քանակին համապատասխան: Հաջորդ կարևոր գործոնը եկամտաբերությունն է: Բաժնետերերը ստանում են շահաբաժիններ` կազմակերպության շահույթի մի մասը:

Շուկայի մասնակիցները խորհուրդ են տալիս բաժնետոմսերը գնելիս զինվել համբերությամբ և ներդրումը կատարել երկարաժամկետ կտրվածքով: Այսինքն, անմիջապես գնումից հետո չվաճառել բաժնետոմսերը և թողնել որ ակնկալվող եկամուտը «հասունանա»: Նման ներդրումային ռազմավարությունն արդյունավետ աշխատում է հատկապես բարձր լիկվիդայնություն ունեցող բաժնետոմսերի պարագայում, երբ դրանք թողարկված են հայտնի և վստահություն վայելող կազմակերպությունների կողմից: Ի դեպ, նման թողարկումները կարող են լինել սահմանափակ և արագ սպառվել:

Ոչ պակաս կարևոր է  նաև, որ ֆոնդային բորսայի աշխատանքը հստակ կանոնակարգված է և վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ինչն արժեղթղերում ներդրումները դարձնում է նույնքան ապահով որքան և բանկային ավանդը:

Անի Ստեփանյան




Լրահոս