ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որ դեպքերում է հաշմանդամության խումբը սահմանվում անժամկետ: Որո՞նք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները:

Սամվել Բաբայան (57 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամության անժամկետ խումբ սահմանվում է՝ ա) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, բ) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց, գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում), դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:
Իսկ ինչ վերաբերում է սահմանման չափանիշներին, ապա նշենք, որ 1. հաշմանդամության առաջին խումբը կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային եւ ուսումնառության կարողություններից), 2. հաշմանդամության երկրորդ խումբը կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ եւ 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ), 3. հաշմանդամության երրորդ խումբը կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենքս էլ գիտենք, թե ինչ սկզբունքով են աշխատում Հայաստանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները: Նրանք հիմնականում առաջնորդվում են ոչ թե վերոնշյալ, այլ խնամի-բարեկամ-ծանոթ սկզբունքներով: Հուսանք, որ գոնե վերջերս հայտնաբերված աղաղակող խախտումներից եւ իրականացված կադրային փոփոխություններից հետո իրավիճակն այդ համակարգում կբարելավվի:




Լրահոս