ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ԲՀԿ-ական նախկին նախարարների գործերը քաղաքական հետապնդում չեն:
-Պարո՛ն Բոստանջյան, այս օրերի ընթացքում անընդհատ ԲՀԿ-ի շուրջ օղակը “սեղմվում” է, նախկին ԲՀԿ-ականների դեմ քրեական գործեր են հարուցվում, կալանավորման վտանգ կա, ի՞նչ է այս ամենը Ձեր կարծիքով:
-Ես ԲՀԿ-ի շուրջ կատարվող իրադարձությունների հետ կապված որեւէ բան չեմ ուզում խոսել, քանի որ բացարձակապես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Միայն մեծ շնորհակալություն եմ հայտնում ԲՀԿ նախագահին, որ ես այս պահին գտնվում եմ այս վիճակում, այսինքն՝ պատգամավոր չեմ:
-Բայց ինչո՞ւ եք շնորհակալ, որ պատգամավոր չեք, վատ բա՞ն կա դրանում: Թե՞ նեղացել եք, դրա համար եք այդպես ասում:
-Ո՛չ, դրա մասին չէ խոսքը, ուղղակի շփումներս ԲՀԿ-ի հետ ավտոմատ չկան, ես այդ պարագայում ի՞նչ կարող եմ խոսել: Ընդհակառակը, ես նեղացած չեմ, ես այնքան գոհ եմ ԲՀԿ-ից: Մտածում եմ, որ միշտ տիեզերական, լուսավոր ուժերը ինձ հովանավորել են, որ ես պատգամավոր չդարձա, շատ լավ բան է:
-Ասացիք, որ ԲՀԿ-ականների հետ այլեւս շփում չունեք, հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ից դուրս գաք:
-Ես այդ թեմայի մասին չեմ ուզում մտածել, մնամ կամ չմնամ՝ դրանից որեւէ բան փոխվո՞ւմ է: Դե հիմա այնպես է ստացվել, որ ԲՀԿ-ի ցուցակում չգտնվելու պարագայում ես որեւէ առնչություն չեմ ունեցել ԲՀԿ-ի հետ, այլ խնդիր չկա: Ես չեմ ուզում խոսել այդ ամենի մասին:
-Ձեր կուսակիցների, նախկին նախարարների դեմ քրեական գործեր են պատրաստվում, Վարդան Վարդանյանին՝ որպես վկա, օրերս հրավիրել էին հարցաքննության:
-Առանց չափազանցության եմ ասում՝ ես իրենց շատ լավ եմ ճանաչում, բառիս լայն իմաստով: Իսկական տղամարդ են, ես գոնե տեսել եմ, որ իրենք քուն ու դադար չեն ունեցել, որպեսզի իրենց ոլորտն արդյունավետ աշխատի: Վարդանյանը մինչեւ այդ էլ ուրիշ տիրույթներ է ղեկավարել, ու երբեք նման բաներ նրա մասին չի խոսվել: Եթե ես անգամ ԲՀԿ-ից չլինեի, ապա Քուշկյանի մասին կարող էի ասել, որ նա շատ բարձր մարդ է, միայն կասեմ, որ տեսե՛ք “Էրեբունի” հիվանդանոցը ու եզրակացրե՛ք: Նման հիվանդանոց պահել-պահպանելը մեծ գործ է, Քուշկյանն այդ հիվանդանոցը բազմացրել է, ծաղկացրել ու զարգացրել: Ցանկացած երկիր եթե նման մարդիկ ունենար, իրեն կհամարեր հարուստ:
–Այդ դեպքում ի՞նչ եք համարում այս ամենը, ԲՀԿ-ի դեմ քաղաքական հետապնդո՞ւմ:
-Չէ՛, բնականաբար նման բան չկա, բոլոր մեծ տիրույթներում էլ եթե տեղի է ունենում ոչ արդյունավետություն, պատասխանատուները միշտ էլ համարվում են առաջին դեմքերը, ու համարվելու են առաջին դեմքերը, եւ, բնականաբար, նրանք որոշակի բացատրություն պետք է տան:
-ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ, սա՞ էլ քաղաքական հետապնդում չէ:
-Ես իմ մեջ ունեմ կարծիք ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի մասին: Բայց ես մտածված ձեւով չեմ ուզում արտահայտվել: Արտահայտվելն ինձ համար բերում է տհաճ հեռանկարներ: Ես ոչ մի բան չեմ ուզում ասել՝ քաղաքական հետապնդման կամ մյուս այլ բաների հետ կապված: Միայն ասեմ, որ իրեն լավ եմ ճանաչում որպես ԱԳ նախարար, ինքը չի կարող չարաշահումներ անել, ինքը այդ տեսակի մարդ չէ:
-Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքն այդ գործերում քաղաքական միտում է տեսնում, Դուք չե՞ք տեսնում:
-Դե Նաիրա Զոհրաբյանը ավելի լավ է հասկանում, ես ի՞նչ կարող եմ ասել:
-Այժմ ամբողջ քաղաքական դաշտը սպասում է ԲՀԿ-ի որոշմանը՝ արդյոք ԲՀԿ-ն կսատարի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, կստորագրի հուշագիր՝ նախագահական ընտրություններին ընդառաջ: Որպես ԲՀԿ-ական՝ ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ի հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
-Ես մի անգամ դրա մասին արդեն ասել եմ, որի համար էլ ես այժմ գտնվում եմ պատգամավորական տիրույթից հեռու վիճակում: Հիմա նորից չեմ ցանկանում կրկնել դրա մասին: Ես այժմ որեւէ ցանկություն չունեմ մեկնաբանել, ես այժմ այլ գործունեությամբ եմ զբաղված:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 18.10.12.