Համայնքների խոշորացմամբ՝ գյուղի հոգսերը կծանրանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք գյուղերում համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: Օրինակ` Լոռու մարզում հանրաքվե կանցկացվի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթեւի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի եւ Տավուշի մարզի` Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում:

Այդ հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Շամուտ համայնքի ղեկավար Բաղիշ Վանյանի հետ:

-Պարո՛ն Վանյան, շամուտցիները համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվեին ինչպե՞ս են պատրաստվում:

-Մեկը՝ մի ձեւի, մյուսը՝ մի ձեւի: Ամեն մեկն իր աշխարհայացքն ունի:

-Իսկ ինչպե՞ս են տրամադրված, դե՞մ են քվեարկելու, թե՞ կողմ:

-Մի մասը կողմ է, մյուս մասն էլ՝ դեմ, մի մասն ասում է՝ լավ կլինի, մյուս մասն էլ՝ վատ: Դա այն հարցը չէ, որ գյուղապետը դնի ու իր որոշումը կայացնի: Այս հարցով որոշվում է համայնքի ճակատագիրը: Համայնքի ջահելության, դպրոցի աշակետի հարցն է:

-Պարո՛ն Վանյան, այս թեմայի շուրջ գյուղում քննարկումներ անցկացվե՞լ են, թե՞ ոչ:

-Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության մարդիկ հանգիստ գալիս եւ քննարկումներ են անցկացնում: Մի մասն ասում է՝ մենք կողմ ենք, մյուս մասը՝ կողմ չենք: Ընտրությունն այնպիսի բան է, որ մինչեւ արկղը չբացես, չես իմանա, թե ով հաղթեց:

-Երբ բնակիչները նշում են, որ կողմ են կամ դեմ, ի՞նչ պատճառներ են բերում:

-Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ գյուղապետարանի աշխատողները կկրճատվեն: Երեք մարդ կա աշխատող, մտածում են, որ երկուսը կկրճատվեն, եւ նրանց աշխատավարձով գյուղի համար մի բան կարվի: Իսկ շատերն էլ դեմ են նրանց կրճատմանը: Այ, նման տարբեր գաղափարներ կան:

-Իսկ Դուք՝ որպես գյուղի բնակիչ, ինչպե՞ս եք մտածում:

-Ես՝ որպես գյուղի բնակիչ, կարող եմ ասել, որ համայնքի հոգսերն ավելի կծանրանան, բայց եթե պաշտոնյաների ասածներին հավատանք, ուրեմն լավ կլինի:

-Իսկ ի՞նչ են իրենք խոստանում:

-Ասում են՝ պիլոտային ծրագիր է, եւ ինչ-որ գումարներ են դուրս գրում, որով համայնքներում աշխատանքներ պետք է կատարեն: Եթե իսկապես արվի նման բաներ, ապա վատ չի լինի: Բայց նորից եմ ասում՝ սա հասարակության հարցն է: Ես վաղը, մյուս օրը, երբ 70 տարեկան մարդ լինեմ, չալիկը ձեռքիս ման գամ, մի ջահել գա, ձեռքիցս բռնի ու ասի՝ այ եսիմ ինչ, բա՞ քո վախտը չէր, որ նման բաներն եղավ: Պատասխանատվություն է: Չես կարող կոնկրետ բան ասել, դա համայնքը կորոշի՝ կա՛մ լավ կլինի, կա՛մ էլ վատ: Ես վաղվա ջահելի մասին եմ մտածում, որովհետեւ շատ հնարավոր է, որ հաջորդ ընտրություններին գյուղապետ չընտրվեմ:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս