Ծաղկափոշու մեջ գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում. Վանաձորի քաղաքապետը` ՀՀԿ-ական պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ Ազգային Ժողովում քննարկվում էր 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Քննարկման ընթացքում ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Վանաձորի քաղաքապետի կողմից այս պահին վաճառվում են դրամաշնորհների միջոցով քաղաքին տրամադրված աղբահանության մեքենաները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ այս հայտարարությանն ի պատասխան՝ ասաց. «Արտաքին պարտք ասածն ի՞նչ է, ամեն տարի պետական բյուջեի սուղ միջոցներից, որ հազար ու մի դարդ ու ցավ ունենք, վարկ ենք սպասարկում, որովհետեւ արդյունքում ցմփոր քաղաքապետները, իրենց տեղը նստած, բռնաբարելով երկրի ապագան, ծախսերը փակելու փոխարեն էշություն են անում: Ինչո՞ւ պետք է պատասխանատու լինեմ ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար»: «Ժողովուրդ»-ը պատգամավորի կոշտ գնահատականի շուրջ զրուցեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:

-Պարո՛ն Դարբինյան, ինչո՞ւ եք վաճառում քաղաքի սեփականություն համարվող աղբի մեքենաները:

-Ամեն մարդ, եթե իր գործով զբաղվի ու իր խելքին հասածի մասին խոսի, լավ կլինի: Ով քաղաքային տնտեսությունից չի հասկանում, նրա վարվելաձեւերը չգիտի, ուզում է յուրաքանչյուր քաղաքապետի որոշում ի՞նքը քննարկի: Այդ տեխնիկան շատ-շատ վնասվել է, ութը տարի անընդմեջ շահագործվել է: Յուրաքանչյուր մեքենայի վրա 3 մլն դրամ գումար պետք է ծախսենք, որպեսզի այն դեռ երկու կամ երեք տարի ծառայի:

-Քանի՞ հատ են այդ մեքենաները:

-Երեքն են: USAID-ի տված մեքենաները չեն, այլ համատեղ ներդրմամբ գնված են, որոնք հանդիսանում են Վանաձորի քաղաքապետարանի սեփականությունը: Մինչեւ ավագանու թույլտվություն չունենանք, չենք կարող վաճառել: Հարցն առաջիկայում կքննարկվի ավագանու նիստին: Թե ինչու են համաշխարհային հարց դարձրել, չեմ հասկանում:

-ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում պատասխանատու լինել «ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար»:

-Ամեն մարդ իր մակարդակով է չափում յուրաքանչյուրի արածը: Դրանք միանգամից ամբիոնից մեծ-մեծ խոսում են, քաղաքային տնտեսություն չգիտեն, իսկ նրանք, ովքեր պատկերացնում են, գոնե կհասկանան, որ ութը տարի շահագործված մեքենաները, եթե քաղաքապետը վաճառում է, ապա այն պատճառով, որ չի ցանկանում դրա վրա անհարկի, նոր կապիտալ ներդրումներ անել:

-Այս պահի դրությամբ դրանք շահագործվո՞ւմ են:

-Այո՛: Հարց առաջ քաշողներին հարցրեք՝ եթե չեք պատկերացնում, գոնե մի՛ խոսեք դրա մասին: Բավական է, որ մարդիկ իրենց գործերով չզբաղվեն: Ակսել Բակունցը շատ լավ էր գրել, չէ՞, ալպիական մանուշակի մասին. ծաղկափոշու մեջ գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս