Օրերս ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց Վարդան Դեւրիկյանին, ով 2009-ից մինչ վերջերս նույն ինստիտուտի փոխտնօրենն էր: «Ժողովուրդ»-ը նորանշանակ տնօրենի հետ զրուցել է նրա առաջիկա անելիքների, ինստիտուտի ձեռքբերումների եւ կարիքների շուրջ:
-Պարո՛ն Դեւրիկյան, ենթադրվում է, որ գրականության ինստիտուտը գրականագիտության զարգացման դպրոց պետք է լինի, իսկ գիտաշխատողները պետք է ունենան բոլոր հնարավոր պայմանները` գիտությամբ զբաղվելու համար: Այնինչ, այնպիսի տպավորություն է, որ այսօր նրանք, այսպես ասած, ձեռքի հետ են զբաղվում գրականագիտությամբ: Հնարավո՞ր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ վերջիններս զբաղվեն բացառապես գիտությամբ եւ դրա շնորհիվ նորմալ վաստակեն:
-Դուք չեք կարող գրականության ինստիտուտում ցույց տալ մի գիտաշխատողի, որը ձեռքի հետ է զբաղվում գրականագիտությամբ: Այստեղ խնդիրն այլ է: Սոցիալական խնդիրներից ելնելով` (եւ ոչ միայն) նրանք դասավանդում են, աշխատում են խմբագրություններում, բայց այդ աշխատանքի ընթացքում էլ գրականագիտական գործառույթ են կատարում: Ասեմ ավելին` խորհրդային տարիներին, երբ նյութական խնդիրներն ավելի քիչ էին, ակադեմիական իստիտուտների գիտաշխատողների զգալի մասը դասավանդում էր բուհերում:
-Խոսքը միայն դասավանդելուն չի վերաբերում: Փաստ է, որ գիտաշխատողները ցանկության դեպքում չեն կարողանում զբաղվել բացառապես գիտությամբ եւ հնարավորություն չունեն դրանով ապրել:
-Բայց նրանք հո կոշիկ չեն կարում կամ հո հացի փռում չեն աշխատում. բոլորն էլ գրականագիտության ասպարեզում են գործում: Իսկ եթե լինեին համապատասխան միջոցներ, այդ մարդիկ չէին դասավանդի, միայն կգրեին ու կկարդային: Բայց այս դեպքում մարդու խառնվածքի եւ կոչումի, առաքելության հարցն էլ կա: Իհարկե, բնական է նաեւ, որ նրանք որքան նյութականապես ապահովված լինեն, այնքան աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա:
-Ասում են` գրականության ինստիտուտում կան գիտնականներ, որոնք տարիներ շարունակ նույնիսկ մեկ հոդված չեն տպագրել. ի՞նչ կասեք:
-Նման բան չկա, ես կարող եմ ասել, որ գոնե մեր ինստիտուտը առաջիններից մեկն է իր տպագրած հոդվածների թվով. այլ հարց է, թե դրանք որքանով են մասնագիտական, հանրապետական, գրական մամուլում տպագրվում: Մեր ինստիտուտում այնպիսի գիտնական չկա, որ գոնե մեկուկես տարին մեկ հոդված կամ գիրք չտպագրի:
-Խոսվում է նաեւ այն մասին, որ գրականության ինստիտուտը ապահովված չէ անգամ անհրաժեշտ նվազագույն գույքով, համակարգիչների թիվն, օրինակ, խիստ սահմանափակ է:
-Այս դարում ամեն մարդ իր տանը անհատական համակարգիչ ունի, այդպիսի խնդիր չկա…Վերջիվերջո, գրականագիտությունը նաեւ գրադարանում արխիվներ նայելն է ու էլի նմանատիպ աշխատանքներ կատարելը. Ձեր հարցադրումը կեղծ է:
-Բայց ինչո՞ւ է կեղծ. Ձեր ինստիտուտում գիտնականներ են աշխատում, մի՞թե հաշված թվով համակարգիչները բավական են նրանց, գիտնականները համակարգիչ չպետք է ունենա՞ն:
-Եկեք ինստիտուտ եւ հաշվեք, թե այնտեղ քանի համակարգիչ կա…Եվ հետո գրական կապերն էլ հո համակարգչով չեն ստեղծվում: Ամեն վայրկյան համակարգիչ կա, որեւէ մեկը դրանից չի բողոքել…
-Լավ, Պարո՛ն Դեւրիկյան, գաղտնիք չէ, որ գիտության ապագան խոստումնալից է նաեւ երիտասարդների շնորհիվ, իսկ Հայաստանում նրանք մեծ մասամբ խուսափում են գիտությամբ զբաղվել ցածր աշխատավարձի պատճառով: Ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր ինստիտուտում լուծել այս խնդիրը:
-Այն, որ աշխատավարձերը ցածր են, դա իրողություն է, բայց կյանքի ցանկացած բնագավառում, սկսած` կենսաթոշակներից, այդ խնդիրը կա, եւ ամեն ինչ դրանով պայմանավորելը սխալ է: Մարդ նաեւ ինքը պետք է ջանք գործադրի, լավ աշխատի, որպեսզի լավ վարձատրվի: Աշխատավարձը կարեւոր գործոն է, բայց վճռորոշ չէ, իսկ այդ պատճառաբանությունները նվնվալու եւ փնթփնթալու ձեւերից մեկն են…
-Եվ վերջում` առաջին գործը, որ մտադիր եք ձեռնարկել ինստիտուտի համար, ո՞րն է:
-Քանի որ վեց տարի եղել եմ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, որեւէ նոր գործ չեմ ձեռնարկելու, պարզապես պետք է շարունակեմ մինչեւ հիմա արված աշխատանքները: Դրանցից երեք գլխավոր գործերն են` հայ գրականության ակադեմիական վեցհատորյակից հինգ հատորների վրա աշխատելը (մեկն արդեն պատրաստ է), հաջորդը` հայ դասականների երկերի բնագրերի հրատարակությունը եւ հայ դասական գրողների կյանքի եւ տարեգրության ժամանակագրությունների կազմումը: Իհարկե, սրանց զուգահեռ կան էլի ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն:
Աննա Բաբաջանյան