ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ, Ո՞Վ Է ԹՔՈՒՄ ՎՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ: Ընդդիմադիր խմբակցությունը մոտ 25 փոփոխություն է առաջարկում ԸՕ-ում: Դրանց մեջ ներառված են նաեւ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ի արած առաջարկությունները՝ քվեարկողների մատների թանաքոտում, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում, քվեարկությունից հետո ցուցակների հրապարակայնացում: Առաջարկվում է նաեւ ընտրացուցակներից հանել ՀՀ-ում չգտնվող ընտրողներին:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ կընդունվի՞ նախագիծը, թե՞ ոչ, եւ, առհասարակ, ի՞նչ կտա այն Հայաստանի ընտրական համակարգին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Դժվարանում եմ ասել՝ կընդունվի, թե ոչ: Դեռ ամբողջապես այն չեմ կարդացել, սակայն ստացել եմ ՀԱԿ-ի կողմից ուղարկված այդ փոփոխությունների նախագիծը: Իրենք գտնում են, որ դրանցով հնարավոր կլինի պայքարել ընտրակեղծիքների դեմ: Դժվարանում եմ նաեւ ասել, թե ինչ կտան այդ փոփոխությունները մեզ, քանի որ տարեցտարի տարբեր ընտրախախտումներ են հայտնաբերվում Հայաստանում, բայց եթե այդ փոփոխություններով կարողանանք գոնե մեկ բասացական երեւույթ վերացնել, թող լինեն այդ փոփոխությունները: Չեմ կարծում, որ միայն Ընտրական օրենսգրքով պետք է ընտրություններն ընթանան արդար ու թափանցիկ: Առաջին հերթին պետք է ունենալ քաղաքական կամք, իսկ թե ինչ է խանգարում, որ ընտրությունները Հայաստանում անցեն արդար եւ թափանցիկ, իսկապես չգիտեմ, այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ:

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, ընդունվելն իրատեսական չեմ համարում, բայց պետք է ամեն ինչ անենք, որ Ընտրական օրենսգիրքը փոխվի:

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Մի բան հստակ է՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունները մեր երկրում որեւէ արդյունքի չեն բերում, որովհետեւ ԸՕ-ի կանոններն ու դրույթներն չեն կիրառվում: Ես կողմ եմ ընտրացուցակների հրապարակմանը, բայց չեն անի, քանի որ դա լավ  ընտրակեղծիքի գործոն է: Օրենք ընդունենք-չընդունենք, մեր երկրում ոչինչ չի փոխվում, քանի որ մենք օրենքները կիրառելու սովորություն չունենք: Կանոնադրություն ու Սահմանադրություն ունենք, ո՞վ է թքում վրան:

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
դերասան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս