ԱՆՈՐԱԿ ՄԹԵՐՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ շաքարավազի, հացի եւ այլ սննդատեսակների որակի խնդրով դիմել է Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայություն: «5 օր առաջ եմ դիմել այդ հարցով: Դեռ պատասխան չեմ  ստացել: Հացի քաշը չի համապատասխանում այն գնին, որն իր վրա գրված է: Շաքարավազի մեջ էլ խոնավություն կա: Մենք պետք է բացահայտենք ու բերենք նորմայի: Եթե մենք դա ապացուցենք, դրանից մարդիկ կօգտվեն»,-նշեց Պողոսյանը: Նրա խոսքով՝ այս հարցը առաջին հերթին վերաբերում է սննդամթերքի անվտանգության ծառայությանը եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, սակայն երկու կառույցն էլ ոչ մի քայլ չեն ձեռնարկում այս ուղղությամբ:
«Խնդիրն անհանգստացնող է դարձել: Խաբեություն է ամեն տեղ: Այս խնդիրն առողջության վրա չի ազդում, բայց դրանով կպնում են սպառողի գրպանին: Բացի այդ, հացն ու շաքարավազն էլ թանկանում են: Ակնկալում ենք, որ վերահսկողության ծառայությունը կօգնի մեզ պատժել եւ վերացնել այս վատ երեւույթը»,-ասաց Պողոսյանը՝ նշելով, որ իրենք համբերատար կսպասեն պատասխանին:
Սպառողների միության նախագահը հիշեցրեց, որ ժամանակին նման ստուգումներ անցկացվել են սննդամթերքի անվտանգության ծառայության հետ:
«Հազար անգամ ես այդ մասին ասել եմ տարբեր ատյաններում, բայց միեւնույն է, ոչ մի քայլ չի ձեռնարկվում: ՏՄՊՊՀ-ն օգտակար գործ է անում, բայց կան ավելի հրատապ ու ակտուալ հարցեր: Օրինակ՝ նույն հացի քաշը: Գիտե՞ք՝ ինձ ինչը դուր չի գալիս, այն, որ այս կառույցը միանման է պատժում ձեռնարկություններին` անկախ նրանց ծավալից: Փոքր ձեռնարկությունները դրանից խորտակվում եւ սննկանում են, իսկ մեծերը՝ «մեծ հաճույքով» այդ փողը տալիս են ու շարունակում նույն կերպ աշխատել»,-նկատեց Ա. Պողոսյանը՝ սպառողներին խորհուրդ տալով լինել պահանջկոտ:
Զրույցի վերջում էլ նա դժգոհեց սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատելաոճից. «Մենք անցյալ տարվա դեկտեմբեր ամսից մինչեւ այս տարվա դեկտեմբեր նախատեսել էինք միասին ստուգումներ անցկացնել Հայաստանի մարզերով: Արի ու տե՛ս, որ տարին արդեն ավարտին է մոտենում, բայց մենք դեռ երկու մարզ ենք նայել՝ Շիրակն ու Լոռին: Առանց պատճառի դադարեցվել են այդ ստուգումները»:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս