ԲՀԿ-ից քաշվածներն իրենց դեռ ապաստան են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա փետրվարին, երբ Սերժ Սարգսյանը ի ցույց դրեց իր պաշտոնավարման երկու ժամկետներում ամենաընդգծված բարկությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ գիշերում մնաց խաղից դուրս: Եւ մինչեւ հիմա աննախանձելի վիճակում են գտնվում նրա թիմակիցները:

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ մտավ ակտիվ քաղաքականություն, իսկապես հաջողացրեց հզոր թիմ հավաքել իր կողքին: Իսկ ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

Քանի որ Ծառուկյանն ինքը գործող իշխանության մի մասնիկն էր, շատ լավ տեղեկացված էր, թե ինչ է տեղի ունենում իշխանական կուլիսներում: Իսկ այնտեղ հաճախ շատ մարդիկ հայտնվում էին լուսանցքում, ամենատարբեր պատճառներով նեղանում էին ՀՀԿ-ից ու առաջնորդ Սերժ Սարգսյանից:

Եւ, ահա, այդ ժամանակ հայտնվում էր Գագիկ Ծառուկյանն ու առաջարկում «չնեղվել»՝ «կոտրված» մարդկանց իր շուրջը համախմբելով: Այդ իրավիճակի արդյունքում Ծառուկյանի շուրջ պատկառելի թիմ հավաքվեց: Նրա կողքին կանգնեցին այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը (նա հիմա արտերկրում բուժվում է), որին Ծառուկյանը պատգամավոր դարձրեց, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որը պաշտոնանկ եղավ 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցելու համար, ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը Սերժ Սարգսյանի եղբոր մտերիմն էր, սակայն ինչ-որ պահից խնդիրներ ունեցավ եւ ապաստան գտավ Ծառուկյանի «թեւի տակ»:

ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը եւս, երբ ինչ-որ բան Սերժ Սարգսյանից թաքցնելու կամ ստելու համար հնարովի մեղադրանքով հայտնվեց ճաղերի հետեւում, տեղավորվել էր Ծառուկյանի թիմ: ԲՀԿ-ական դարձավ նաեւ ԱԺ ամենահին պատգամավորներից Նապոլեոն Ազիզյանը: Ծառուկյանի հետ համագործակցելով՝ մարզային կառույցի ղեկավարումն իր ձեռքը վերցրեց նաեւ Մարտուն Գրիգորյանը, որը ՀՀԿ-ից նեղացած էր Վարդան Ղուկասյանի հետ անընդհատ ընդհարումների պատճառով: Եւ այսպես ԲՀԿ ողջ խմբակցությունը, որ հավաքված էր Ծառուկյանի շուրջ եւ, թեկուզ անհասկանալի, բայց ինչ-որ գործունեություն էր ծավալում:

Եւ, ահա, եկավ մի օր, երբ կուսակցության լիդերը չափից ավելի անպատասխանատու գտնվեց՝ պահ անգամ չմտահոգվելով իրեն շրջապատող մարդկանց ճակատագրով, պարզապես լքեց «խրամատը»՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին: Այսօրվա դրությամբ 16 պատգամավորներ դուրս են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իսկ մնացած 20 պատգամավորները թեեւ ֆորմալ առումով շարունակում են կուսակցական մնալ, սակայն իրականում ԲՀԿ-ի կազմում գործունեություն են ծավալում 7-8 հոգին միայն: Եւ պետք է արձանագրել, որ այսօր նախկին ու ներկա ԲՀԿ-ականների մեծ մասը ուղիներ է փնտրում՝ գործող իշխանության հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Օրինակ՝ ազատամարտիկ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանն այնքան էին լարվել ՀՀԿ-ի դեմ, որ վերջնագրերով էին խոսում գործող ռեժիմի հետ: Բայց այսօր նրանք կրկին ռեբիլիտացիայի խնդիր ունեն, որպեսզի չմնան խաղից դուրս վիճակում: Թեեւ արդեն կարելի է վստահ պնդել, որ ԲՀԿ խմբակցության կեսից շատը հաջորդ ԱԺ-ում չեն լինելու: Իսկ ինչքանո՞վ կհաջողվի ԲՀԿ-ից «քցվածներին» ինչ-որ դերակատարություն ունենալ քաղաքական, առավել եւս՝ իշխանական դաշտում, ցույց կտա ժամանակը:

Մեզ մնում է արձանագրել, որ այսօր, առավել քան երբեւէ, քաղաքական դաշտում «անտերների» թիվը ահռելի մեծ է, եւ կհաղթի այն ուժը, ով կկարողանա ճիշտ ժամանակին կոնսոլիդացիա ապահովել: Ի վերջո, Ծառուկյանի ուժը հենց այդտեղ էր, որը նա չգնահատեց ու հեռացավ «տաք երկրներ»:

Անի Ստեփանյան




Լրահոս