Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ իր թիմի կատարած գործարքների մասին նորանոր փաստեր են լույս աշխարհ գալիս:
Մասնավորապես “Ժողովուրդ”-ի խմբագրությունում են հայտնվել փաստաթղթերի կրկնօրինակներ, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես է “Մինաս Ավետիսյան” հիմնադրամի աշխատակիցների եւ Իտալիայից ժամանած մասնագետների սեպտեմբերյան երկօրյա այցի համար համայնքային բյուջեից 3 մլն 417 հազ. դրամ փոխանցվել Գյումրու նախկին քաղաքապետին պատկանող “Ալեքսանդրապոլ” հյուրանոցին: Թվում է՝ Ղուկասյանը որեւէ դատապարտելի բան չի արել. Թումանյանի` Թիֆլիսում գտնվող տուն-թանգարանը գնելուց եւ Հայաստանին նվիրելուց հետո զբաղվել է Մինասի որմնանկարների “փրկությամբ”: Բայց խնդիրն այն է, որ Մինասի որմնանկարները քաղաքապետարանի շենք տեղափոխելու մասին կնքված պայմանագրի որեւէ կետով Գյումրու քաղաքապետարանը պարտավորություն չի վերցրել հիմնադրամի աշխատակիցների եւ Իտալիայից ժամանած մասնագետների այցը ֆինանսավորելու համար: