ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՆ ԱՆՈՒՆՆԵՐ ԿՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աժ պատգամավոր Կարո Կարապետյանը, անդրադառնալով իր դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված Գոհարիկ Ենոքյանի ազատ արձակմանը, ասաց, որ շատ զայրացած է. «Այս գործի մեջ կան լիքը մարդիկ, որ «կռիշ» են եղել Գոհարիկ Ենոքյանին, ու այդ կռիշներն են պատճառը, որ նրան ազատ արձակեցին»:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Գոհարիկ Ենոքյանին ձերբակալել էին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով: Եվ, ահա, երեկ թեեւ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 1-ին մասի հատկանիշներով` մահափորձի նախապատրաստում, այնուամենայնիվ, ՀՀ գխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով, հաշվի առնելով ԱԺ նախկին պատգամավորի տարիքը եւ առողջական վիճակը, որոշում կայացվեց ազատ արձակել նրան՝ խափանման միջոցը ընտրելով ստորագրությամբ երկրից չբացակայելը:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի հետ, որը մինչ այս հրաժարվում էր շփվել լրագրողների հետ:
-Պարո՛ն Կարապետյան, Ձեր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Ենոքյանին, որը համարվում է բարի համբավ ունեցող անձնավորություն, ազատ արձակվեց:
-Շատ ջղայնացած եմ, եթե մարդը կարա մեկին 8,5 միլիոն դոլար քցի, թռնի ու հետո իրան ազատ արձակեն, ուրեմն այդ մարդը ամեն ինչի ընդունակ է: Չեմ պատկերացնում՝ ինչի իրան ազատ արձակեցին, որովհետեւ տրամաբանությունը լրիվ ուրիշ բան էր ասում: Հիմա կարող է՝ վաղն էլ ասեն, թե էս պատմությունը չի եղել, ու էդ մարդը ինձ չի քցե՞լ: Ես հրապարակային ասել եմ ու հիմա էլ ասում եմ, որ էդ մարդը ինձ քցել ա, էդ մարդը իմ փողերը վերցրել ու չի տվել: Ավելին ասեմ, որ իրա ախպոր տղեն ընդունել է, որ ինձանից փող են վերցրել, տարել, կերել են ու չեն ուզում տան: Ցուցմունք ա տվել, հասկանո՞ւմ ես:
-Պաշտոնապես հայտարարվեց, որ տիկին Ենոքյանի առողջականն էր պատճառը, որ նրան ազատ արձակեցին: Ձեր խոսքերից ենթադրվում է, որ Դուք այնքան էլ հակված չեք հավատալու, որ նա առողջական խնդիրներ ունի՞:
-Հա, գուցե մեծ կին է, առողջական խնդիր ունի, բայց առողջական խնդիրները հիմք չեն, որ սպանության փորձ նախապատրաստողին ազատ արձակեն: Կալանավայրերում կան հազարավոր բժիշկներ, միջամտություն կարող էին ցուցաբերել, հազար մարդ է կալանավայրում հիվանդ պառկած, որ բուժվում են, եւ ազատ չեն արձակում, էդ ինքը վերին արտի ցորեն պիտի լինե՞ր: Ես կարծում եմ, որ այս գործի մեջ կան լիքը մարդիկ, որ կռիշ են եղել Գոհարիկ Ենոքյանին, ու այդ կռիշներն են պատճառը, որ նրան ազատ արձակեցին:
-Անուններ կասե՞ք, ովքե՞ր են Գոհարիկ Ենոքյանի «տանիքները»:
-Հիմա անուններ չեմ տա, կգա ժամանակը, ես բոլորի դեմքը կպատռեմ ու բոլորի անունները կասեմ, որովհետեւ Գոհար Ենոքյանը մենակ շատ փոքր էր, որ ինձ կարողանար քցեր, ստեղ կան լիքը ուրիշ մարդիկ, որ այս փողը վերցրել, տարել, կերել են: Եթե էսօր ինձ քննադատում են, ասում են՝ էսքան փող որտեղից, ապա ասեմ, որ գույք եմ ունեցել, ծախել եմ, տարել, տվել եմ իրան ու ընկել եմ վարկերի տակ իրանց երեսից: Եթե օրենքը բան չի կարում անի, ուրեմն ես պիտի մտածեմ, թե ինչ անեմ: Սպասում եմ՝ երկրի նախագահը գա, պիտի գնամ, պատմեմ, ասեմ` նախագահ ջան, դու էս պատմությունը գիտես: Ու մենակ նախագահին կասեմ, թե ովքեր են եղել այս գործի կռիշները, որ նախագահը իմանա, որ անարդար ձեւով ինձ քցել են:
-Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ձեզ Գագիկ Ծառուկյանն ասել է՝ դադար տաք եւ հանգիստ թողնեք Գոհարիկ Ենոքյանին: Արդյո՞ք տանիքը նա է:
-Ես ավտարիտետի ասում եմ, որ Ծառուկյանի հետ հարց չեմ ունեցել այդ թեմայով, հավայի բաներ են գրում: Դուք համբերեք, ես անուններ կտամ, ես ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ փախնող տղա եմ, ինձ խափել են ու քցել իմ երկրում: Իրանք կերել են իմ ու իմ հոր հալալ քրտինքը: Վերեւն Աստված կա:
-Չե՞ք կարծում, որ Գոհարիկ Ենոքյանի ազատ արձակմանը նպաստեց նաեւ Ձեր գործընկերների ստորագրությունը, ինչը ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազին: Ի վերջո, նա հարգված տիկին է:
-Ես մի բան կասեմ, որ պատգամավորներից շատերը չեն իմացել, որ դա իմ հետ է կապված եղել, քանի որ առավոտ շուտ Նաիրա Զոհրաբյանը հելել, հայտարարել է, որ Գոհարիկ Ենոքյանին բռնել են, բայց չի ասել, թե ինչի համար: Նրանք էլ չեն իմացել, որ դա իմ հետ է կապված, ու ստորագրել են, Աստված իրանց հետ: Մի բան կասեմ, եթե գա օրը, որ իմ գործընկերներից մեկը ընկնի իմ վիճակում, որ իրանց քցեն ու այդ իրենց քցողի համար գան, ստորագրություն վերցնեն, ես սիրով կտամ, թող գնան, այ սենց սաղին քցեն: 8.5 մլն դոլարը քիչ փող ա՞, օդից ընկա՞վ: Սիրտս տրաքում ա:
-Տեղեկություններ կային, որ Դուք առերեսման եք գնալու Գոհարիկ Ենոքյանի հետ:
-Այսօր ես շատ խառն էի, իմ փեսայի գործով դատն էր, բոլորդ էլ լավ գիտեք էդ մասին, նա էլ էնտեղ փորձանքի մեջ ընկավ:
Հ. Գ. Նշենք, որ երեկ armlur.am-ի հետ զրույցում Գոհարիկ Ենոքյանը ասել էր, որ իր հետ կատարվածն անարդար է, եւ այն համարեց անտեղի իրադարձություն: «Ոչինչ, լավ եմ, դիմանում եմ: Իհարկե, ծանր է, որ էսպիսի շառի մեջ եմ ընկել, բայց քանի որ արդար եմ, ամեն վայրկյան էլ ինձ ասում էին՝ դու արդար ես, պայքարի, քո առողջությունը պահպանի: Էս ամեն ինչն անցնի, հարցերս լուծեմ, նորից կդառնամ առաջվա Ենոքյան Գոհարը»,-հայտարարեց տիկին Ենոքյանը՝ Կարո Կարապետյանին առողջություն մաղթելով:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԿՔՆՆԵՆ ՈՒ ԲԱՑ ԿԹՈՂՆԵՆ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի շուրջ աղմկալի պատմությունները չեն դադարում: Մինչ հանրությունը ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է մարզպետի որդուն պատասխանատվության ենթարկել, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մայիսի 9-ի հաղթանակի տոնին ընդառաջ՝ տոնակատարության է պատրաստվում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի կենտրոնական մասում Հարութ Զաքարյանը վիճաբանել էր մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո տղաները գնացել էին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածք: Նշված տարածքում տղաներին էին միացել այլ անձինք, եւ սկսել էր վիճաբանություն, որն ավարտվել էր ծեծկռտուքով: Այս ամենի արդյունքում Հարութը աչքի շրջանում ստացած վնասվածքներից կանգնել է տեսողության կորստի առաջ, եւ նրա հարազատները տեսողությունը վերականգնելու համար պատրաստվում են տղային տեղափոխել արտերկիր: Քաղաքապետի նախկին թեկնածու, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն, գործարար Տիգրան Կարապետյանը, մեկնաբանելով Հարութ Զաքարյանի հետ տեղի ունեցածը, զգուշացնող հաղորդագրություն էր ուղարկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին. «Եթե հաստատվեց իր կամ որդու մասնակցությունն այս դեպքին, պատիժը լինելու է խիստ եւ համարժեք»: Նշենք, որ Սյունիքի մարզային դատախազությունում փաստի առթիվ մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` երեկ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունը այս գործով անցնող անձանց ծանուցագիր է ուղարկել՝ հարցաքննության ներկայանալու համար, որի մեջ է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը: Իսկ կներկայանա՞ մարզպետի որդին քննչական կոմիտե, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Նկատենք, որ սա միակ դեպքը չէ, որ Սուրեն Խաչատրյանը եւ նրա որդին հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում:
2013թ հունիսի 1-ին մարզպետի տան մոտ հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Այս գործով կալանավորվեցին մարզպետի որդին եւ թիկնապահը, սակայն ամեն ինչ կարճ տեւեց, եւ նրանց ազատ արձակեցին: Ավելին՝ ապրիլի 7-ին գրել էինք, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել էր ոստիկանության Սյունիքի մարզի վարչություն եւ հայտնել, որ մարզպետի տղան իրեն սպառնացել է մորթել: Այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:
Հուսանք, որ գոնե վերջին երկու դեպքերի քննությունը չի ավարտվի գործերի կարճմամբ՝ հանցակազմի բացակայության կամ այլ հիմքով:
Ավելին՝ այնպես չի լինի, որ մարզպետի որդու փոխարեն դատարանի առաջ կանգնեն միանգամայն այլ մարդիկ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԴԵՌ ՊԻՏԻ ՔՆՆԱՐԿԵՆ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Կառավարության նիստում մտահոգություն է հայտնել Սիրիայում պատերազմական գոտում մնացած հայերի վերաբերյալ եւ խոստացել երեխաների տարհանման հարցը քննարկել առաջիկա օրերին, երբ սփյուռքի նախարարը Միացյալ Նահանգներից վերադառնա։

 

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ
Մայիսի 6-ին Բեռլինում քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Քորդ Մայեր-Քլոդտը։ Կողմերը քննարկել են հայ-գերմանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: «Հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»:

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մինչեւ այս տարեվերջ երթեւեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչեւ երկաթուղային գծանցային հատված: Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է երթեւեկել Նորագավիթ 1-ին փողոցով: Խոշոր բեռնատարներին եւ դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթեւեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթեւեկել դեպի Արտաշատի խճուղի եւ ճանապարհը շարունակել Արտաշատի խճուղով դեպի Թամանցիների փողոցը, կամ Երեւան-Մեղրի ճանապարհից Մասիս քաղաքով երթեւեկել դեպի Երեւան քաղաքի Արարատյան եւ Շիրակի փողոցների ուղղությամբ:

 

ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ ԵՆ ԴԻՄԵԼ
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամները «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ շապիկներով ակցիաներ են անցկացրել ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների առջեւ: Ցուցարարները նշել են, թե քանի դեռ չի կարճվել ՀԽ անդամների դեմ հարուցված քրեական գործը, նրանք քաղաքական հալածյալներ են: ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատներին, միջազգային կառույցներին փոխանցված նամակներում նշված է, որ Հայաստանում մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ կան:




Լրահոս