Արդարադատության նախարարը մեկ տարի պաշտոնավարելուց հետո դեռ ուսումնասիրում է կառույցի թերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր տարեկան զեկույցում անդրադարձ կատարելով Արդարադատության նախարարության գործունեությանը` նշել էր, որ տվյալ նախարարությունում, համեմատած մնացածների հետ, ավելի շատ խնդիրներ կան: «Երբ հարցը հասնում է սեփական համակարգերում վերահսկողություն իրականացնելուն, ես կարծում եմ` ապաշնորհ աշխատանք է տարվում հատկապես Արդարադատության նախարարությունում: Պետռեգիստրի ծառայությունում հետընթաց քայլ է կատարվել, էլ չեմ խոսում ԴԱՀԿ-ի, ՔԿՀ-ների մասին»,- ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում հայտարարել էր Կարեն Անդրեասյանը:

Նշվածի վերաբերյալ Armlur.am-ը զրուցեց ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:

-Պարո´ն Մանուկյան, ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր ղեկավարած կառույցը, Օմբուդսմենի տարեկան զեկույցի համաձայն, առավել շատ թերություն ունեցող կառույցն է:

-Օմբուդսմենի զեկույցները մենք շատ ուշադիր ենք ուսումնասիրում, կարևորում ենք որպես մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն մեխանիզմ: Երբևէ ես չեմ փորձել և չեմ փորձելու որևէ էմոցիոնալ գնահատական կամ մեկնաբանություն տալ որևէ զեկույցի կամ հայտարարության: Մենք ուշադիր ուսումնասիրում ենք, փորձում ենք հասկանալ` կա արդյոք խախտում կա պրոբլեմ, որը պետք է շտկել: Եթե կա, ձեռնամուխ ենք լինում դրա լուծմանը:

-Այսինքն, Կարեն Անդրեասյանն արձանագրած թերությունները իրականում չկա՞ն:

-Ես ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանություն տալուց: Պարզապես ես որպես իրավաբան և կառույցի ղեկավար, միայն իրավական մոտեցումներով պետք է արձագանքեմ Օմբուդսմենի ինստիտուտի որևէ գնահատականի կամ հայտարարության:

-Օմբուդսմենը մասնավորապես նշել է, որ պետռեգիստրում, ԴԱՀԿ-ում, ՔՀԿ-ներում կան լուրջ թերություններ, որոնց մասին իրենք ահազանգեր ստացել են և ստանում են:

– Բնականաբար, մենք որտեղ թերություններ ենք արձանագրել, շտկել ենք և կարելի է դրա հետ մասնակիորեն համաձայնել: Կան արձանագրված խնդիրներ, որոնք պարզապես փաստական հանգամանքեր չունեն: Մենք նման դեպքերում Օմբուդսմենի աշխատակազմից հայցում ենք կոնկրետ փաստերի ներկայացում և այդ փաստերի դեպքում նոր ձեռնամուխ ենք լինում ինչ-որ գործողություններ կատարելուն:

-Զեկույցում ներկայացված թերությունները շտկելու ուղղությամբ որևէ քայլեր կատարվու՞մ են: 

-Ես կրկնում եմ` Օմբուդսմենի ցանկացած զեկույցի վերաբերյալ կոնկրետ քայլեր են կատարվում` ըստ կոնկրետ արձանագրված դեպքերի:

Նշենք, որ Հովհաննես Մանուկյանն Արդարադատության նախարարի պաշտոնին նշանակվել է նախորդ տարվա ապրիլի 30-ին:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս