Արդարադատության նախարարությունում ապաշնորհ աշխատանք է տարվում. Օմբուդսմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոսեց իր ծավալուն զեկույցի մասին: Վերջինս նշեց, որ այսօր դեպքեր կան, որ տվյալ գերատեսչությունը մրցում է ՄԻՊ-ի հետ` բարձրաձայնելով կառույցի խնդիրների մասին: «Պետք է լինի աշխատանքի բաժանում: Մենք պետք է բարձրաձայնենք հարցերը, իսկ իրենք դրանք վերացնեն: Իսկ շատ դեպքերում, ինձ թվում է, որ նրանք մրցում են ինձ հետ, թե ով շուտ կբարձրաձայնի խնդիրը»,- ասաց Օմբուդսմենը և հավելեց, որ այժմ սուր քննադատություններն իր զեկույցի նկատմամբ պակասել են, ինչն ավելի արդյունավետ է դարձնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ զեկույցի քննարկումը:

Նրա խոսքով` պետք է խոստովանել, որ շատ խնդիրներ իր կողմից բարձրաձայնվելուց հետո փոխվել են: «Իմ ասելուց հետո շատ խնդիրներ փոխվել են, միգուցե չեն ընդունել, բայց միևնույն է, փոխվել է իմ ասելուց հետո, բայց հարցեր էլ կան, որ մի քանի տարի է բարձրաձայնում ենք, հետո նոր ինչ-որ տեղաշարժ է տեղի ունենում»,- ասաց Անդրեասյանը:

Օմբուդսմենը նշեց, որ Արդարադատության նախարարությունում` մյուս նախարարությունների համեմատ, ավելի շատ խնդիրներ կան: «Երբ հարցը հասնում է սեփական համակարգերում վերահսկողություն իրականացնելուն, ես կարծում եմ` ապաշնորհ աշխատանք է տարվում` հատկապես Արդարադատության նախարարությունում: Պետռեգիստրի ծառայությունում հետընթաց քայլ է կատարվել, էլ չեմ խոսում ԴԱՀԿ-ի, ՔԿՀ-ների մասին»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Վերջում Օմբուդսմենը փաստեց, որ շահագրգիռ քննարկում է տեղի ունեցել հանձնաժողովում, ինչն էլ ավելի արդյունավետ ու բովանդակալից է դարձնում զեկույցի քննարկումը: Իսկ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը գոհունակություն հայտնեց ՄԻՊ-ի հետ աշխատանքի հետ կապված և ակնկալեց հաջորդ տարի էլ ավելի մեծ արդյունք:




Լրահոս