ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները և Համաշխարհային կոմիտեի անդամները, ովքեր Հայաստանում մայիսի 6-11-ն անցկացնում են Համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանի սկաուտական կոմիտեի նիստը:
Կարևորելով սկաուտական շարժման գործունեությունը` նախարարը, մասնավորապես, ընդգծել է «Խաղաղության սուրհանդակներ» առաքելության շրջանակում ՀԱՍԿ-ի նախաձեռնությամբ իրականացված «Սոցիալապես անապահով երեխաների կազմակերպական զարգացում և ներգրավվածություն» ծրագիրը: Այդ համատեքստում նախարարը կարևորել է կրթության մատչելիության և դաստիարակչական բնույթը: «Աշակերտների ռազամահայրենասիրական և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը կրթական համակարգի կարևոր խնդիրներից է: Նման ծրագրերում հանրային սեկտորի երիտասարդական և ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներգրավվածությունն արդյունավետ և արդարացված է: Խիստ կարևոր է նաև սոցիալական բաղադրիչը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ նախարարությունը միշտ փորձում է բացահայտել սոցիալական խնդիրների պատճառով դպրոցներից դուրս մնացած երեխաներին և գնահատելով նրանց կարիքները` նպաստել խնդիրների լուծմանը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել ծրագրի հնարավոր շարունակության դեպքում աջակցել դրա հաջող իրականացմանը:
Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրը ներկայացրել է շարժման հիմնական սկզբունքներն ու հիմնարար արժեքները: Նա նաև անդրադարձել է ոչ ֆորմալ դաստիարակության շարժմանը դպրոցական և համալսարանական տարիքի երիտասարդների ներգրավվածության հնարավորության խնդիրներին: Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է անցկացնել ևս մեկ մեծ միջոցառում՝ տարածաշրջանային համաժողով: