ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մայիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին ՎԶԵԲ Հայաստանի տնօրեն Փոլ Վլաանդերենը, Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տնօրեն Բրունո Բալվաներան, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության աշխատակազմի Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը և Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ կառավարման համակարգում նախատեսվող փոփոխություններն ու այդ համատեքստում Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր:
Մտքեր են փոխանակվել առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում քննարկվելիք հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքին: