ՕԵԿ-Ը ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Իշխան Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր կուսակից Արայիկ Հայրապետյանի (Լավանդայի Արայիկ) հետքերով չի գնա եւ նոր կուսակցություն չի հիմնի: Նա մշտապես կմնա իր կուսակցության կողքին:
-Հոկտեմբերի 15-17-ն ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Իմացանք, որ հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման մտադրությունների մասին փաստաթուղթ ստորագրվեց: Դրա համա՞ր էր նա Մոսկվա մեկնել:
 Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով ՌԴ էր մեկնել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պարտուշեւի հրավերով: ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի է ունեցել Բաղդասարյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հետ, այնուհետեւ կլոր սեղան է հրավիրվել, որի ժամանակ էլ քննարկվել են հայկական կողմի եւ ՀԱՊԿ քարտուղարության միջեւ հետագա փոխգործակցության կազմակերպության գործունեության հետագա զարգացման եւ կատարելագործման հարցեր:
-Ի վերջո, այդ հանդիպումներն ի՞նչ կարեւորություն ունեն ժողովրդի համար, ի՞նչ է տալու դա մեզ:
-Կարող եմ ասել, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվող քաղաքական, տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունները մեծ նշանակություն ունեն մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Կարծում եմ՝ ձեռք բերված պայմանավորվածությունն այսուհետ կծառայի մեր երկրին եւ ժողովրդին՝ ամրապնդելով մեր երկրի անվտանգությունը:
-Որպես ՕԵԿ անդամ՝ կնշե՞ք՝ ՕԵԿ-ը վերակազմավորվելուց հետո կոնկրետ քանի անդամ ունի: Կարծես ՕԵԿ-ականները բոլորը խուսափում են հստակ թիվ նշել:
-Չէ՛, սխալ տպավորություն է, կուսակցությունում արդեն ավարտել են մարզային եւ տարածքային կառույցների կազմավորման գործընթացը, ՕԵԿ-ում դեռեւս անդամագրումների փուլն է, այն իրականացվում է նոր կարգի համաձայն: Բայց թե այս պահին արդեն քանի անդամ ունի կուսակցությունը, դժվարանում եմ պատասխանել, քանի որ գործընթացը շարունակվում է: Շուտով տեղեկություն կտրամադրվի, որը կարող է լինել մեր հերթական համագումարի կամ համաժողովի ժամանակ:
-Ձեր վերաձեւավորված կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը հայտարարեց, որ նոր կուսակցություն է հիմնում, որն առանձին է լինելու եւ այլ բնույթի: Ինչո՞ւ են ՕԵԿ-ականները լքում կուսակցության շարքերը:
-Հայաստանում յուրաքանչյուր ոք ազատ է, այդ թվում՝ կուսակցություն հիմնելու եւ քաղաքականությամբ զբաղվելու: Իսկ Արայիկ Հայրապետյանին ես միայն հաջողություն կցանկանամ:
-Հնարավո՞ր է՝ մի օր էլ Դուք որոշեք լքել ՕԵԿ շարքերը:
-Երբ ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ, անդամագրվեցի ՕԵԿ-ին, կուսակցությանը միանալս ուներ երկու պատճառ. այն, ինչ ես ցանկանում էի փոխել կամ իրականացնել քաղաքականության միջոցով, հնարավոր համարեցի միայն ՕԵԿ-ի հետ: Երկրորդ պատճառը, որն ինձ համար կարեւոր է, կուսակցության առաջնորդի խարիզման է, պետականաշինության նրա պատկերացումները: Հետեւաբար նոր կուսակցություն հիմնելու որեւէ ցանկություն ես չունեմ: «Օրինաց երկիր»-ն ապագայի քաղաքական ուժ է, իսկ ես էլ կանգնած եմ իմ կուսակցության կողքին մեր ժողովրդին ծառայելու համար:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս