ՀԱՆՐԱՅԻՆԸ՝ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՍԽՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյան պարբերաբար ուղեկցվում էր ԱԺ Կանոնակարգ օրենքի պարբերական խախտումներով: Նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանը, Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը առաջին տպավորությամբ անտեղյակ են ԱԺ կանոնակարգ օրենքից:
Ամենաակնառու խախտման օրինակը երեկ ԱԺ կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ելույթն էր: Խորհրդարանում քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաշվետվությունը, եւ որպես հարակից զեկուցող՝ ԱԺ կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողովի անունից ելույթ ունեցավ Ռուբիկ Հակոբյանը: Եւ մեկ-երկու նախադասությամբ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելուց հետո հարակից զեկուցողի ելույթի ողջ ժամանակը նվիրեց հարցի վերաբերյալ իրենց խմբակցության տեսակետը ներկայացնելուն, հեռուստատեսային սերիալների որակը քննարկելուն: Ու այդ ողջ ընթացքում ԱԺ նիստը նախագահողներն այդպես էլ չմիջամտեցին կանոնակարգի խախտմանը: Ճիշտ է, ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հարակից զեկուցողի ելույթը պետք է վերաբերի միայն գլխադասային հանձնաժողովի եզրակացությանը, բայց արդեն ուշ էր:
Ընդհանրապես, ՀՀԿ-ն թեեւ խորհրդարանում ունի բացարձակ կոճակային մեծամասնություն, բայց այդպես էլ չի կարող վերահսկել իրավիճակը: ԱԺ նիստերն իշխող մեծամասնության համար պարզապես դարձել են մղձավանջ, քանի որ ստիպված են պարբերաբար ամենածանր ու ամենակոշտ քննադատությունը լսել իրենց հասցեին:
Նախ՝ ՀԱԿ պատգամավորները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ՀՀ պետական բյուջեից Հանրային հեռուստաընկերությանը տրվող գումարներն ուր են գնում, ինչպես են ծախսվում, նաեւ՝ հետաքրքրվեցին գովազդի սակագներից եւ այլն, եւ այլն: Պարզվեց՝ հատկապես ֆինանսական ոլորտի վերաբերյալ հարցերին Ալեքսան Հարությունյանն այնքան էլ լավ չէր տիրապետում: Այսքանից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քննադատության թիրախն ուղղեց ոչ միայն Հանրայինի ղեկավարությանը, այլեւ՝ «ավազակապետությանը»: Նախ ասաց, որ ԱԺ-ում աշխատանքը գնալով ավելի դուրեկան է դառնում, քանի որ մինչ այս իրենք չեն ունեցել նման լավ հնարավորություն՝ մանրամասն բացահայտելու պետական միջոցների մսխման եւ հարկատուների թալանի սխեմաները:
«Մենք գործ ունենք հրեշավոր մի ավազակապետական սխեմայի հետ, որի հետեւանքով մեզանից, ժողովրդից, այսինքն՝ հարկատուներիցս, տարիներ շարունակ ուղղակի գողացվում են տասնյակ միլիոն դոլարներ»,-նշեց Զուրաբյանը: Ըստ նրա՝ Հանրային հեռուստաընկերությունում գովազդի մեկ րոպեի համար պահանջել են 500 դոլար, իսկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մոնիթորինգի, 2011թ. գովազդային/հովանավորչական հեռարձակումները կազմել են 636 ժամ: Արդյունքում ստացվում է, որ Հանրայինը մինչեւ 19 մլն դոլարի եկամուտ է ունեցել: Այնինչ նա նշեց, որ պաշտոնապես ներկայացվում է, թե գովազդից Հանրայինը ստացել է 2 մլն 300 հազ. դոլար:  «Տղերքը ստանում են բյուջեից 6 մլն դոլար, գովազդային շուկայից 19 մլն դոլար եւ այդ 25 մլն դոլարից ուղղակի խժռում 17 մլն-ն: Այս հաշվետվությունը, այսպիսով, թույլ է տալիս եզրակացնել, որ Հանրային հեռուստատեսությունը դարձել է ընդամենը բյուջեն թալանելու եւ Հանրային հեռուստատեսության քողի տակ պետական փողերով սեփական բիզնես աշխատեցնելու եւ գերշահույթներ ստանալու միջոց»,-ասաց Զուրաբյանը՝  հավելելով, որ Հանրայինը դարձել է ուղեղների լվացման խայտառակ մեքենա:
Ուշագրավն այն է, որ իշխանություններն այդպես էլ որեւէ փաստ չներկայացրին՝ հերքելու համար ընդդիմության պնդումները: Եւ ՀԱԿ-ի քննադատությանը պատասխանելու ողջ փորձերն ավարտվեցին «բա ձեր ժամանակ, բա ՀՀՇ-ի իշխանության տարիներին տիրող թալանը, բա վայրենի սեփականաշնորհումը» ու նման կարգի այլ հայտարարություններով: Հեղինակն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էր, որը հավանաբար մոռացել էր, որ ՀՀՇ իշխանության ժամանակ ՀՀԿ-ն եւս իշխանության մաս էր, ինքն էլ՝ «Հանրապետություն» միավորման համամասնական ցուցակով դարձել պատգամավոր: «Հանրահավաքի տեղն ուրիշ է, ԱԺ-ի տեղն ուրիշ է… Ժողովրդին տարիներ շարունակ թունավորեցիք, հիմա եկել մի կերպ խցկվել եք խորհրդարան ու քննադատում եք նախագահին ու Ազգային Ժողովին: Ինչո՞ւ եք թշնամության սերմեր ցանում, ձեր դերակատարման չափո՛վ խոսեք»,-ասաց նա: Գ. Սահակյանը դեռ «երկար կմոռանար» ՀՀՇ իշխանության օրոք իր՝ իշխանության կազմում եղած տարիները, եթե աշխատանքային օրվա ավարտին զուգահեռ չավարտվեր նաեւ ԱԺ նիստը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս