Ինտերնետ առևտրի ոլորտում ամենահայտնի ընկերություններից մեկի` չինական Alibaba Group Holding-ի բաժնետոմսերի մեկ ամիս առաջ կայացած առաջնային տեղաբաշխումը, ինչպես և սպասվում էր, դարձավ պատմության ամենախոշորը: Արդյունքում ընկերության բաժնետոմսերը թանկացան 38%-ով: Այսինքն, IPO-ի դուրս գալուց հետո չինական ընկերությունը ստացավ աննախադեպ գումար` 25 մլրդ ԱՄՆ դոլար: IPO-ն ենթադրում է ընկերության բաժնետոմսերի թողարկում և վաճառք ինչպես ինստիտուցիոնալ ներդրողներին, այնպես էլ` լայն հասարակությանը:
Վերջերս անդրադարձել էինք Հայաստանում բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծման և արժեղթղերի շուկան աշխուժացնելու խնդրին: Թեման ավելի քան արդիական է հատկապես ներդրումների ծավալների նվազման ֆոնին: Ընկերության կողմից ֆոնդային բորսա դուրս գալը բավականին ծավալուն գործընթաց է, և որպեսզի ընկերությունն այն հաջող իրականացնի, պետք է շուկայում համապատասխան դիրք, ֆինանսական կայուն վիճակ և զարգացման տեսանելի հեռանկարներ ունենա: Զարգացնելով արժեթղթերի շուկան` բնակչության համար ստեղծում ենք խնայողություններն ապահով պահելու ևս մեկ գործիք, իսկ ընկերությունները ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով ներգրավում են լրացուցիչ ֆինանսավորում:
Ներդրումների իրականացման շնորհիվ կարող ենք ապահովել ֆինանսական անկախություն և բարեկեցություն` երկարաժամկետ հեռանկարում: Այսօր դիտարկենք բաժնետոմսերի հիմնական տեսակները և դրանց առանձնահատկությունները: Բաժնետոմսը հավաստում է սեփականատիրոջ սեփականության իրավունքը` ընկերության որոշակի գույքի նկատմամբ: Հասարակ բաժնետոմսերը իրենց սեփականատերերին իրավունք են տալիս մասնակցելու թողարկող ընկերության կառավարմանը` տալով ձայնի իրավունք: Արտոնյալ բաժնետոմսերը համարվում են պարտքային արժեթղթերի որոշակի բնութագրեր ունեցող բաժնային արժեթղթեր, քանի որ դրանք նախատեսում են հաստատագրված շահաբաժինների ստացում, սակայն ձայնի իրավունք չեն ապահովում:
Իրացվելիությունը ևս արժեղթղերի կարևորագույն բնութագրերից է: Այն նշանակում է, որ արժեթղթերը կարող են ցանկացած պահին վաճառվել շուկայում: Որքան մեծ է տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի թիվը, այնքան մեծ է տվյալ արժեթղթի շուկան և այնքան ավելի հեշտ կլինի այն վաճառել շուկայում: Արժեթղթի իրացվելոիությունը բարձրանում է նաև այն դեպքում, եթե այն ունի շուկա ստեղծող` մարքետ-մեյքեր, որն արժեթղթի անընդհատ երկկողմանի գնանշումներ է ապահովում, հնարավորություն ընձեռելով ներդրողներին ցանկացած պահի վաճառել իրենց ունեցած արժեթուղթը:
Մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավումն ընկերություններ կբարձրացնի բիզնեսի որակը և կխթանի ներդրումների շուկայի զարգացումը Հայաստանում: Ցանկացած երկրում այն ընկերությունները, որոնց արժեղթղթերն ազատ շրջանառվում են շուկայում, վայելում են հանրության վստահությունը, ավելի թափանցիկ են և ընկալելի սպառողների կողմից: Այսինքն ընկերությունները միանձնյա կառավարման ձևից դառնում են «հանրային» և վերահսկվում շատ թվով բաժնետերերի կողմից:
Անի Ստեփանյան