Վերաքննիչ դատարանը մերժել է բանդայի գործով պաշտպանական կողմի բողոքները. Փաստինֆո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է բանդայի գործով պաշտպանական կողմի բողոքները և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի  դատավճիռը, այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ին` հղում կատարելով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանին: Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակմանն իր պաշտպանյալը չէր ներկայացվել դատարան. նա ունեցել է արյան ճնշման հետ կապված առողջական խնդիրներ, այդ պատճառով շտապօգնություն է հրավիրվել:

Դատարան չէր ներկայացվել նաև ամբաստանյալ Սամվել Դավթյանը, ով, որպես բողոքի նշան, հրաժարվել էր գնալ Վերաքննիչ դատարան:

 

Ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդում էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով իր պաշտպանյալ Սամվել Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի  222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը և հռչակել ամբաստանյալի անմեղությունը:

Ամբաստանյալ Արթուր Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը նույնպես միջնորդում էր  բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով ամբաստանյալ Արթուր Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ  հոդվածի 1-ին մասով և 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել 11 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման, և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ` նրա արարքում հանցադեպի և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: «Մերժելու դեպքում նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել նույն հոդվածի 2-րդ մասով՝ բանդայում մասնակցությունը, և սահմանել մեղմ պատիժ»:

Ըստ գործի նյութերի՝ բանդան 2011թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակումներ է կատարել Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների վրա, հարձակումների ընթացքում բանդայի անդամները նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին: Բացի այդ, տեղի է ունեցել 2011թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությունը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս