Մայրաքաղաքի ավտոբուսային պարկը վերջնականապես համալրված չէ. շահագործվում է չինական 150 ավտոբուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հայտարարություն էր տարածել, որով պարզաբանում էր պահանջում  Երեւանի ավտոբուսային պարկի համալրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ: «Չինաստանից ներկրված եւ Երեւանին նվեր տված 249 ավտոբուսներից 73-ը գազիֆիկացվում են, որից հետո կգործարկվեն, իսկ ի՞նչ են լինելու Չինաստանից նվեր ստացած մնացած 166 ավտոբուսները, որոնք չեն սպասարկվում»,- հարցրել էր ավագանու անդամը:

Այս առնչությանբ Armlur.am-ը Երևանի քաղաքապետարանից խնդրել էր պարզաբանումներ: Մեր հարցմանն ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ վերջին տարիներին մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է քաղաքային ավտոբուսների քանակը (2012-2014թ.թ. մայրաքաղաք է ներկրվել թվով 421 ավտոբուս), որի արդյունքում նախորդ տարիների համեմատ ավելացել է ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը և դրանց տեսակարար կշիռը Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումների ընդհանուր ծավալում.

«Yerevan.am կայքի Միկրոավտոբուսային փոխադրումներ բաժնում նշված է, որ միկրոավտոբուսների քանակի պակասեցման հետևանքով զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը և տեսակարար կշիռը ընդհանուր ծավալում։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին արձանագրվել է մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի ուղևորահոսքի նվազում, հետևաբար այս հարցում որևէ հակասություն չկա։

Կայքում զետեղված՝ ավտոբուսային երթուղիների համալրվածության հարցի առնչությամբ հարկ է նշել, որ մայրաքաղաքի ավտոբուսային պարկը դեռևս վերջնականապես համալրված չէ. մասնավոր կազմակերպությունների կողմից սպասարկվող որոշ երթուղիներ համալրված են մասնակիորեն, բացի այդ, թվով 5 միկրոավտոբուսային երթուղիներ, որոնք նախատեսված են փոխարինել ավտոբուսայինով, դեռևս, ժամանակավորապես, սպասարկվում են միկրոավտոբուսներով»:

Ինչ վերաբերում է չինական «Հայգեր» մակնիշի ավտոբուսներին, ապա, քաղաքապետարանի տեղեկացմամբ,  ներկայումս «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից շահագործվում է մոտ 180 ավտոբուս, որից օրական երթուղիներ է դուրս բերվում միջին հաշվով 150 միավոր։ Դրանց մեծամասնությունը շահագործվում է դիզելային վառելիքով։

Առաջիկա տարիներին ևս նախատեսվում է միկրոավտոբուսների քանակի կրճատում, միկրոավտոբուսային երթուղիների փոխարինում ավտոբուսայինով, ինչը ենթադրում է երթուղային ցանցի վերանայում: Այդ գործընթացի շրջանակներում կքննարկվի նաև Աէրացիա թաղամասը սպասարկող միկրոավտոբուսային համար 65 երթուղին ավտոբուսայինով փոխարինելու հարցը։

Քրիստինա Աղալարյան




Լրահոս