ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ԶՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրենց խմբակցության պատգամավորներն իրենից թույլտվություն են վերցնում, նոր լքում ԱԺ տարածքը: Սահակյանի խոսքերը ներկայացրել ենք առանց էական խմբագրումների:
-Պարո՛ն Սահակյան, նախօրեին ԲՀԿ-ն հայտարարեց, որ իրենք որոշել են Վարդան Օսկանյանին դարձնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ` այդպիսով փորձելով նրան կրկին դարձնել անձեռնմխելի: Այս ամենին ինչպե՞ս է վերաբերում ՀՀԿ-ն:
-Շատ նորմալ, չեմ կարծում, որ որեւէ հայ քաղաքացի, առավել եւս՝ պատգամավոր, տոգորված է, որ մեզ, մեր հանրապետությանը վնաս բերի:
-Գիտեք, որ Օսկանյանի մուտքը ԵԽԽՎ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարող է կանխել, ըստ Ձեզ՝ Աբրահամյանն ինչպիսի՞ որոշում կկայացնի:
-Չեմ կարող ասել, դա պետք է հարցնեք Հովիկ Աբրահամյանից, համենայնդեպս, ես կարծում եմ՝ ինչքան հնարավոր է, կնպաստի:
-Աբրահամյանը, լինելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամին, հօգուտ Օսկանյանի՞, թե՞ ՀՀԿ-ի որոշման կայացմանը կնպաստի:
-Ընդհանրապես ՀՀԿ-ում նման դատողություն, միտք երբեւիցե չի եղել՝ «մերն է, մերը չէ», նման բան չկա: Սովորաբար մեզ մոտ կուսակցական գործունեությունը պարզապես միջոց է: Մեզ համար կարեւոր չէ, թե նպատակադրողը մեր կուսակցությունից է, թե այլ կուսակցությունից: Ես կարծում եմ, որ դրական մոտեցում կունենա, ոչ թե խնամիական կապերով կամ ընկերական, այլ դա պետք է ընդունել, որովհետեւ երկրորդը մեր ֆրակցիայից առաջարկն է:
-Դուք նաեւ վստահ հայտարարեցիք, որ Օսկանյանին կալանավորելու հարց չի լինելու, եւ ՀՀ գլխավոր դատախազը նման հարցով չի դիմելու ԱԺ: Որտեղի՞ց Ձեզ նման վստահություն:
-Որովհետեւ շահարկման մեջ դրեցին, իբրեւ թե անձեռնմխելիությունն Օսկանյանից վերցված է, որն իրականության հետ չի համապատասխանում: Ես ենթադրում եմ, որ կալանքի հարց չի լինի: Բայց եթե անգամ լինի, պետք է նորից ԱԺ մտնի, ու ԱԺ-ում որոշվի:
-Բայց Դուք նշել եք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նման դիմում չի ներկայացնելու ԱԺ, ինչո՞ւ եք այդքան վստահ, զրուցե՞լ եք Հովսեփյանի հետ, թե՞ նախաքննության արդյունքները ՀՀԿ-ն է թելադրում:
-Իմ տպավորություններն այնպիսին են, որ նման խնդիր չի առաջանա: Դրա համար բավական լուրջ հիմնավորումներ են պետք, համենայնդեպս, ենթադրում եմ, որ նման գործընթացներ չի գնա: Այլ բան է, որ մտածեք, թե քննչական գործողությունները կարող են տանել, որ դատական գործողություններ լինեն: Բայց կալանավորման խնդիր չի կարող լինել, որովհետեւ Օսկանյանն էն անձնավորությունը չէ, որ Հայաստանից պետք է փախչի: Դա չեմ համարում Օսկանյանի բնավորությանը հարիր մեթոդ լինի:
-Եթե անձեռնմխելիությունից չի զրկվել, ինչի՞ն «կողմ» քվեարկեց ՀՀԿ-ն՝ Աղվան Հովսեփյանի միջնորդության հիման վրա:
-Անձեռնմխելիությունից չի զրկվել, խնդիրը հենց դա է, անձեռնմխելիությունից կզրկվեն, եթե կալանավորեին: Որպես մեղադրյալ՝ դա չի նշանակում, որ արդեն որոշվեց, թե Օսկանյանը հանցագործ է եւ կկալանավորվի: Անձեռնմխելիությունը նշանակում է կալանավորել: Ուրեմն գործն ուսումնասիրող մարմինը ոչ բոլոր միջոցառումները կկարողանար իրականացնել, նրա բանկային հաշիվները ստուգեր, դա էր պատճառը, որ Օսկանյանը՝ որպես վկա, վկայություններ տար: Սակայն Օսկանյանը չգնաց այդ ճանապարհով, այդ իսկ պատճառով էլ որպես մեղադրյալ կցվեց գործին: Այսքանը, այլ բան չկա:
-«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունների անդամները եթե ցանկանում են խորհրդարանի շենքից դուրս գալ, «թույլտվություն» են խնդրում գեներալներ Մանվել Գրիգորյանից եւ Սեյրան Սարոյանից: Ինչո՞ւ:
-Դա անհեթեթություն է, նման բան գոյություն չունի, եթե անգամ նման բան է լինում, որ պետք է բացակայի, նախ թույլտվություն են խնդրում ԱԺ նախագահից: Իսկ պատգամավորը  վարձու աշխատող չի համարվում, մնացած բոլոր դեպքերում տեղեկացնում են ինձ, նոր դուրս գալիս: Դա հորինվածք է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս