ԲՀԿ խմբակցությունում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ գյուղնախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Քննարկվել են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ։

Մասնավորապես՝ ԲՀԿ պատգամավորները բարձրացրել են գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման հարցը, ինչը գյուղացիական տնտեսությունների հիմնական մտահոգիչ խնդիրներից է։ Քննարկվել են նաեւ սննդամթերքի անվտանգության խնդիրները։ ԲՀԿ պատգամավորները գյուղնախարարի առաջ բարձրացրել են հակակարկտային կայանների հարցը, ինչը որոշ մարզերում խիստ անհրաժեշտություն է։ ԲՀԿ պատգամավորներն առաջարկել են նաեւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեխանիզմների տարբերակներ՝ հաշվի առնելով ոլորտում առկա բացերը։ Աշխատանքային քննարկման ընթացքում առաջարկ է հնչել նաեւ ստեղծել կաթ ներկրողների միություն, որը հնարավորություն կտա կարգավորել նշյալ ոլորտում գնային քաղաքականությունը։

Որպես լրջագույն հիմնահարց՝ բարձրացվեց նաեւ գյուղմթերքների մթերման հետ կապված խնդիրներն ու գյուղացիական տնտեսությունները որակյալ եւ մատչելի դիզվառելիքով ապահովելու հարցը։ Գյուղնախարարը նշյալ հարցերի վերաբերյալ տվեց պարզաբանումներ։ Որոշվեց հաջորդ հանդիպման ընթացքում ամփոփել քննարկման արդյունքներն ու այն խնդիրները, որոնք պահանջում են օրենսդրական կարգավորում՝ ներկայացնել օրենքի տեսքով։

ԲՀԿ մամուլի ծառայություն




Լրահոս