ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՍԱԿԱՅՆ՝ «ԿԻՍԱՏ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին կայացավ Նոյեմբերյան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որը երկու փոքր ընդմիջումով տեւեց… յոթ ժամ: Օրակարգի հարցերի վերաբերյալ բուռն ու երկարատեւ քննարկումներ էին տեղի ունենում: Նիստի կարեւոր հարցերից մեկը վերաբերում էր Նոյեմբերյանի քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմի կառուցվածքը, հաստիքացուցակը, թվաքանակը եւ դրույքաչափերը ավագանու կողմից հաստատելուն:
Նոյեմբերյանի քաղաքապետարանում եւ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում կա 137 հաստիք, ինչը բավական շատ է: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ ավագանու անդամները նշեցին հաստիքները կրճատելու անհրաժեշտությունը:
Օրինակ` 5500 բնակիչ ունեցող քաղաքում գործում է համայնքային ենթակայության 2 գրադարան: Նշենք, որ 20 600 բնակիչ ունեցող Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում գործում է մեկ գրադարան: Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում առկա է 8 հաստիք: Դրանց մեջ մեկ լրիվ հաստիք ունի միայն գրադարանի տնօրենը, նրա աշխատավարձի դրույքաչափը կազմում է 37 500 դրամ: Գրադարանում աշխատում են 0,75 հաստիքային միավորով, 35 000 դրամ դրույքաչափով 2 ավագ գրադարանավար, 0,5 հաստիքային միավորով, 35 000 դրամ դրույքաչափով 2 գրադարանավար, հաշվապահ եւ հավաքարար:
Նոյեմբերյանի մանկական գրադարանն ունի 5 աշխատող: Նրանցից հաստիքային լրիվ միավոր ունի միայն տնօրենը, որի աշխատավարձը 37 500 դրամ է: Ավագ գրադարանավարի հաստիքը 0,75 է, իսկ 2 գրադարանավարներինը եւ հաշվապահինը` 0,5, բոլորի դրույքաչափն էլ` 35 000 դրամ: Ավագանու անդամներն իրենց ելույթներում նշեցին, որ համացանցի տիրապետության մեր ժամանակներում գրադարաններից սակավ ընթերցողներ են օգտվում, որ 2 գրադարանները միավորելու կամ առնվազն առկա հաստիքները կրճատելու անհրաժեշտություն կա:
Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, լսելով ավագանու անդամների, քաղաքային ենթակայության 2 գրադարանների տնօրենների ելույթները, վերջիններիս մի շաբաթ ժամանակ տվեց իրենց հիմնարկներում հաստիքները կիսով չափ կրճատելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար: Քաղաքապետը նաեւ ասաց, որ մինչեւ եկող տարվա մարտ ամիսը քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում աշխատողներ չեն կրճատվի, hավանաբար նախագահական ընտրություններից առաջ կրճատվողների բողոքը չառաջացնելու համար: Մինչեւ եկող տարվա սեպտեմբեր կենսաթոշակի կանցնի քաղաքապետարանում եւ դրա ենթակայության հիմնարկներում աշխատող 14 կենսաթոշակառու: Նրանց բացարձակ մեծամասնության հաստիքներն այլեւս չեն համալրվի:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս