Երգիչ ՄԱՅՔԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ չենք տեսնում ու չենք լսում, միայն վերջերս նրան նկատեցինք «Իմ սրտի մայրաքաղաք» տեսահոլովակում: Իսկ թե ուր է եւ ինչով է զբաղվում, ինչի հետ է կապված նրա լռությունը, այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները ստացանք հենց Մայքլից:
-Ես երբեք չեմ դադարել աշխատել, իհարկե, լինում են պաուզաներ իմ ստեղծագործական կյանքում, ինչը բնական եմ համարում: Մեր աշխատանքն այնպիսին է, որ պետք է նաեւ մի քիչ հավաքվես, կուտակվես ու հետո թողարկես ձայնասկավառակ, տեսահոլովակ, երգ, որ մեջը միտք լինի: Իսկ այն, որ ինձ չեք տեսել էկրանին, չի նշանակում, որ ձեռքերս ծալած նստել եմ: Շատ տարբեր աշխատանքներ եմ արել: Դեռ մի քանի տարի առաջ սկսած աշխատանքներս եմ շարունակում` բարեգործական ծրագիր է, որով աջակցում եմ խուլերին: Ամբողջ համերգային ծրագիրը թարգմանվում էր խուլերի լեզվով, ու նկարահանվեց նաեւ ֆիլմ, որը մասնակցեց տարբեր փառատոների: Ես չեմ սիրում բողոքել, բայց հեռուստաընկերությունները մի քիչ պասիվություն դրսեւորեցին: Այդ անտարբերությունը վիրավորական է: Ի դեպ, այդ նախագծի հետ կապված` ես դիմել եմ մի քանի հեռուստաալիքների, որոնք հենց մշակութային ուղղվածություն ունեին, բայց իրենք չկարողացան ներկա գտնվել: Իհարկե, կային լրագրողներ, որոնք միացան մեր նախագծին, բայց դա շատ նեղ շրջանակով կատարվեց:
-Ստացվում է, որ միայն բարեգործական նախագծերո՞ւմ եք ներգրավված:
-Ո՛չ, վերջին շրջանում եղավ նաեւ մեկ այլ նախագիծ հայրիկի հետ: Մենք այն ներկայացրել ենք նաեւ ԱՄՆ-ում: Այս տարի էլ Երեւանի հանդիսատեսին ցուցադրեցինք այդ նույն համերգ-նախագիծը, որը մենք մի 2 տարի է` ներկայացնում ենք: Հայրիկինը թատերական հատվածն է, իմը` համերգայինը, կոչվում է «Բենեֆիս»: Դա հատուկ իմ ու հայրիկի համար պատրաստված ծրագիր է: Սփյուռքում միշտ ցանկանում են տեսնել հայր ու որդու:
-Հիշում եմ, տարիներ առաջ, երբ նոր էիք սկսում երգել, ասում էին` դե բնական է, բա հայրը Ռաֆայել Քոթանջյանն է, իհարկե, տղան էլ պետք է բեմ դուրս գա, երգի: Ձեզ հաճա՞խ են հասնում նմանատիպ խոսակցություններ:
-Ես արել եմ այն, ինչ հոգեհարազատ է եղել ինձ, սակայն չանտեսելով իմ կարգավիճակը, քանի որ իմ նկատմամբ ավելի բծախնդիր են եղել: Նա, ով չունի ճանաչված հայրիկ կամ մայրիկ, պահանջներն էլ նրանց նկատմամբ այդքան մեծ չեն: Ինձ նայելիս ասում են` վա~յ, Ռաֆայել Քոթանջյանի տղան է, այսինքն` անունն արդեն պարտավորեցնող է, կա որոշակի նշաձող, որից ցածր չի կարելի անել: Դրա համար էլ հանդիսատեսն ինձանից ավելին է պահանջում: Ինչ վերաբերում է հայրիկի օգնությանը, նրա խորհուրդները բավական են եղել, առաջին քննադատս հենց հայրս է եղել:
-Ինչպիսի՞ խորհուրդներ է նա տվել:
-Սովորաբար նա նայում է որպես հանդիսատես, կարող է ինչ-որ բառ դուրը չգա, ասի` փոխի՛ր այս բառը, կամ այս հատվածը մի քիչ սիրուն չէ: Նրա կարծիքը հաշվի է առնվում: Նույնը եւ հակառակն է լինում, երբ հայրիկը բեմադրություն է անում, ամբողջ ընտանիքով մասնակցում ենք, քննարկում, խորհուրդներ տալիս:
-Դուք այնպիսի երգեր եք կատարում, որոնք մեր շոու բիզնեսում այդքան էլ հայտնի չեն:
-Հայաստանում շոու բիզնես չկա, այդ ամենը սահմանափակվում է հարսանիքներով ու խնջույքներով, արդյոք դա է շոու բիզնեսը: Հնարավոր է` տարիներ հետո ինչ-որ բաներ փոխվեն, բայց հիմա ցավով պետք է նշեմ, որ ապրում ենք սփյուռքում ունեցած ելույթների հաշվին: Շատ քչերն են այսօր կարողանում Երեւանում համերգներ դնել, իսկ եթե անում են, անում են իրենց ռեյտինգի համար, հաստատ գումարներ չեն վաստակում:
-Բայց չէ՞ որ կան երգիչներ, որոնք խնջույքներին շատ ավելի են վաստակում:
-Դե դա եմ ասում, դրանից դուրս չեն կարողանում գումար վաստակել, դրա համար էլ ստեղծվում են 6/8 ոճի երգեր, բայց ես դա շոու բիզնես չեմ կարող համարել:
-Դուք խնջույքներին ելույթ չե՞ք ունենում:
-Ո՛չ, մի անգամ է եղել, այն էլ ԱՄՆ-ում: Ես փորձում եմ զերծ մնալ այդ տեսակ հավաքույթներից, վատ չեմ նայում, հասկանում եմ, որ վիճակից դրդված են գնում, բայց ինքս չեմ մասնակցում:
-Եթե որեւէ ակումբում կամ ռեստորանում չեք աշխատում, այդ դեպքում ինչպե՞ս եք գումար վաստակում:
-Օրինակ` ամբողջ ամառ ես երգել եմ «Հաղթանակ» այգու բեմահարթակում: Ուզում եմ լինի հանդիսատես: Ամեն մարդ ինքն է որոշում` որտեղ երգի: Կարող է նախընտրես քիչ վաստակել, բայց բեմահարթակ լինի, ու քեզ ավելի լավ զգաս:
-Երգարվեստից բացի, որեւէ բիզնես ունե՞ք:
-Կողմնակի բիզնես չունեմ:
-Ի դեպ, «Ֆեյսբուք»-ի Ձեր էջում նկատեցի հարսանեկան լուսանկարներ, ե՞րբ եք ամուսնացել, եւ ո՞վ է Ձեր ընտրյալը:
-Ամուսնացել եմ ապրիլին: Ընտրյալս էլ կապ չունի արվեստի հետ: Երբ հանդիպում ես քեզ հարազատ մեկին, ուզում ես ընտանիք կազմել: Միանգամից զգում ես ինչ-որ բան` չնայած ես դրան չէի հավատում:
-Սեր էր առաջին հայացքի՞ց:
-Կարելի է այդպես էլ ասել, միառժամանակ հանդիպեցինք, հետո հասկացանք, որ կարող ենք ընտանիք կազմել ու ամուսնացանք:
ՔԻՉ ՀՈՆՈՐԱՐՈՎ, ԲԱՅՑ ԲԵՄՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ