
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ համաձայնագրին: Այդ մասին հայտնում է ria.ru-ն:
Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ոլորտում երկու երկրների կապերի խորացմանը, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը և Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանը:
«Հանձնարարել Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը»,- ասված է փաստաթղթում, հայտնում է կայքը:
Համալսարանն աշխատում է ռուսական կրթական չափանիշներով, կրթությունն իրականացվում է ռուսաց լեզվով: Բայց դրա հետ մեկտեղ առաջին երեք տարում ընթանում է հայոց լեզվի խորացված ուսուցում: Բարձր կուրսերի ուսանողները նաև հնարավորություն ունեն ստանալ պրոֆեսիոնալ գիտելիքներ հայերենով: Ուսանողները ստանում են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ։