Ինչու «Ալյանսի» համագումարին «Հիմնադիր խորհրդարանից» ոչ ոք չի հրավիրվել. Ուրիխանյանի ձևակերպմամբ ՀԽ-ն կուսակցություն չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանը» քննարկում է մարտավարության փոփոխության հարցը, որոշումը գրեթե կայացված է, կարծում են՝ այս փուլում ճիշտ է համագործակցել այն ուժերի հետ, որոնց օրակարգում է «ռեժիմից ձերբազատումը»: «Ազատության» փոխանցմամբ` հայտարարել է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Վերջինս չի հստակեցրել, թե որ ուժերի մասին է խոսքը: Armlur.am-ը փորձեց նորաստեղծ «Ալյանս» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ուրիխանյանից ճշտել` առաջարկ լինելու դեպքում կհամագործակցե՞ն «Հիմնադիր խորհրդարանի» հետ, թե` ոչ: Վերջինս նշեց. «Դե հռետորական հարց եք տալիս: Եթե առաջարկ լինի, եթե, եթե.. Եթե առաջարկ լինի, անշուշտ այն կքննարկվի»:

Հարցին` «Հիմնադիր խորհրդարանի» հետ համագործակցության հեռանկար տեսնու՞մ են, Ուրիխանյանը խուսափեց հստակ պատասխան տալ. «Ես արդեն ասեցի` եթե առաջարկ լինի, այն կքննարկվի»: Ուրիխանյանի խոսքով` ինքը միանձնյա որևէ հարցի պատասխան չի տալու: «Ցանկացած որոշում կայացվելու է վարչության և քաղաքական խորհրդի որոշումների հիման վրա: Մենք բաց ենք համագործակցության համար բոլորի հետ, ովքեր իրականում ՀՀ բնակչության, երկրի շահերից բխող ցանկացած առաջարկներ կանեն»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Իսկ հարցին` հնարավո՞ր է իրենք «Հիմնադիր խորհրդարանին» համագործակցելու առաջարկություն անեն, Ուրիխանյանը պատասխանեց. «Մեր համագումարին հաստատվող ծրագրով առաջարկ ենք ուղղելու ժողովրդի մասին մտածող բացարձակապես բոլորին: Չկա որևէ խտրականություն, բացի պարզ տրամաբանությունից. ամեն բան պետք է լինի քաղաքականության տեսանկյունից ազնիվ, հանրամատչելի և ընդունելի»:

Ուրիխանյանը շեշտեց, որ կուսակցության համագումարին ընդդիմադիր անհատ քաղաքական գործիչներին են հրավիրել: Բայց այդ ընդդիմադիրների մեջ «Հիմնադիր խորհրդարանից» ոչ ոք չկա, ոչ մեկին հրավեր չի ուղարկվել համագումարին մասնակցելու համար, քանի որ, Ուրիխանյանի խոսքով, իրենք կուսակցությունների ներկայացուցիչներին են հրավիրել: «Խոսքը կուսակցությունների մասին է: Որևէ քաղաքական ուժ չի հրավիրվել: Կուսակցության հիմնադիր ղեկավար կազմը որոշում է կայացրել հրավիրել ոչ թե քաղաքական ուժերին, այլ առանձին անհատներին` ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Շատերն արդեն իրենց պատրաստակամությունը հայտնել են մասնակցելու»,- ասաց նա և հավելեց` ՀԽ-ի անդամների հրավիրել-չհրավիրելու հարցը որևէ կերպ չի քննարկվել:

«Ոչ թե չենք հրավիրել ՀԽ-ին, այլ հարցը որևէ կերպ չի քննարկվել: Եթե չենք հրավիրել, պատրաստ ենք հրավիրել, քննարկել, բայց այդ հարցը որևէ կերպ չի քննարկվել, որովհետև խոսքը քաղաքական ուժերի մասին է: Բացի դրանից, կուսակցության համագումարում ներկա են լինելու այն մարդիկ, որոնց հետո բնականոն համագործակցություն է զարգացել այս տարիներին և այս ընթացքում: «Հիմնադիր խորհրդրաանը» կուսակցություն չէ, կուսակցության դառնալու համար կա սահմանված ընթացակարգ»,- իր խոսքը եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ «Ալյանս» կուսակցության համագումարը տեղի կունենա մայիսի 16-ին:




Լրահոս