Երևան-2015. ընթանում են խմբային քննարկումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում այսօր տեղի են ունեցել խմբային քննարկումներ: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Բարձրագույն կրթության դեպարտամենտի ղեկավար Շյուր Բերգենը հանդես է եկել «ԵԲԿՏ-ի հիմնարար արժեքները, ապագայի հարացույց» թեմայով զեկույցով:

Քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել մի շարք խնդիրների, այդ թվում` բարձրագույն կրթության հիմնարար արժեքներն արդի քաղաքական, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական մարտահրավերների համատեքստում. տնտեսական ճգնաժամ, ռեգիոնալ կոնֆլիկտներ, տեխնոլոգիական առաջընթաց, միգրացիա և աշխատաշուկայի փոփոխություններ: Քննարկումը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով համառոտ պատմական ակնարկ է արել Հայաստանի պատմության, կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների, Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամակցության և մի շարք այլ հարցերի մասին:

Ուսանողների եվրոպական միության գործադիր հանձնաժողովի անդամ Կարոլինա Պետկեվիչը հանդես է եկել «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով, 2015թ.-ներկա իրավիճակի գնահատում. 1999 թվականից ի վեր ակնկալիքներին հասնելու ժամանակն է» թեմայով զեկույցով: Վերոնշյալ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԲԿՏ-ի համար այն կարևորագույն մարտահրավերներին, որոնք անհրաժեշտ է հաղթահարել 2015-2018թթ. ժամանակահատվածում, և ինչպե՞ս կարող են երկրները դիմակայել սոցիալական մարտահրավերներին բարձրագույն կրթության միջոցով:

Երրորդ խմբային քննարկման ընթացքում Համաշխարհային բանկի Կրթության հարցերով տնօրեն Կլաուդիա Կոստինը հանդես է եկել «Բարձրագույն կրթության համակարգի մարտահրավերները և արձագանքն աշխատաշուկայի մարտահրավերներին» թեմայով զեկույցով: Քննարկվել են ԵԲԿՏ-ի համար այն կարևորագույն մարտահրավերները, մասնավորապես, ինչպե՞ս կարող է բարձրագույն կրթությունն աջակցել երկրներին՝ հաղթահարելու աշխատաշուկայի ճգնաժամը:

Եվրոպական համալսարանների ասոցիացիայի բարձրագույն կրթության քաղաքականության բաժնի ղեկավար Մայքլ Գեբելը հանդես է եկել «Էլեկտրոնային կրթության հեռանկարները ԵԲԿՏ-ում» թեմայով քննարկմամբ, որի ընթացքում անդրադարձ է եղել, թե ինչպե՞ս կարող է բարձրագույն կրթությունն առավելագույնս օգտվել տեխնոլոգիական առաջընթացի արդյունքներից:




Լրահոս