Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Լիպարիտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել: Armlur.am-ի հետ զրույցում Լ. Պետրոսյանի եղբայր Աշոտ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս պահին իր եղբորը տեղափոխել են առանձին խուց, որը նախատեսված է հացադուլ հայտարարած բանտարկյալների համար:
Նա նշեց, որ հացադուլի պատճառը Շանթ Հարությունյանի և ընկերների գործով վճռաբեկ դատարանի որոշումն է և «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումը: Աշոտ Պետրոսյանի փոխանցմամբ` իր եղբայրն առողջական լուրջ խնդիրներ ունի, իսկ հացադուլն առայժմ անժամկետ է:
Ա. Պետրոսյանի գնահատականով` հացադուլ հայտարարելը և առհասարակ բողոքի բոլոր քայլերը ճիշտ են, քանի որ ազատազրկվածներն այլ տարբերակ չունեն իրենց ձայնը բարձրացնելու համար: «Լռությունը սխալ է: Մի բան պետք է անել: Նրանք այլ կերպ հնարավորություն չունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու»,- ասաց դատապարտյանի եղբայրը:
Նշենք, որ Լիպարիտ Պետրոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, ունի 4 երեխա, որից 2-ն անչափահաս: