«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը». պատգամավորները փնտրում են ՎՊ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այսօր ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նախ ընդգծեց, թե այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Նշենք, որ լսումների սկզբում ներկաներին ֆիլմ ներկայացվեց, որտեղ ցուցադրված էր, թե ինչ ակնկալիքներ կան այս ծրագրից: Լևոն Զուրաբյանն իր ելույթում անդրադարձավ նաև այդ ֆիլմին:

«Քիչ առաջ մեզ ներկայացվեց մի շատ «գլամուրային կլիպ», որն այնպես էր ներկայացնում իրավիճակը, որ կարծես, ոչ մի խնդիր չկա, բայց պատկերը լրիվ այլ է: Ես ցանկանում եմ ուշադրության արժանացել Վերահսկիչ պալատի ստուգումները», – նշեց  Զուրաբյանը: Նա հավելեց, որ ՎՊ-ի հինգերորդ վարչության կողմից հայտնաբերվել է նաև, որ բետոնը շատ անորակ է եղել, ինչի պատճառով էլ աշխատանքները որոշ ժամանակ կանգ են առել և որոշ անձիք հեռացվել են:

«Ի՞նչ է արվել այն հատվածների հետ, որտեղ անօրինական բետոն է արվել»,- դիմելով Կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին` հարցրեց Լևոն Զուրաբյանը:

Փոխնախարարն էլ նշեց, որ ՎՊ-ի կողմից բացահայտված թերություններն ի հայտ են եկել ինժիներական կառավարման խմբի կողմից: Լևոն Զուրաբյանն անդրադարձավ փոխնախարարի պատասխանին և նշեց, որ այս քննարկմանը պետք է ներկա լիներ նաև Իշխան Զաքարյանը.

«Ես, օրինակ, զարմանում եմ, թե ինչու այստեղ չէ Իշխան Զաքարյանը և նորից նույն հարցն եմ տալիս, ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Ես կարծում եմ, որ լավ բան եք մտածել լսումներ կազմակերպելով, բայց ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե ամեն ինչ «ֆանֆար» ներկայացնելն է, այլ հանրությանն իրազեկել կատարվող աշխատանքների մասին»,- նշեց Զուրաբյանը:




Լրահոս