ՀԷՑ-ի մասնաբաժինը մեկ կվտ ժամ էլեկտրաէնեգիայի դեպքում 12 դրամ էր, այս նոր հայտով 21 դրամ է: Այսինքն՝ էլեկտրաէներգիան արտադրողից սպառողին հասցնելու համար նախկին 12 դրամի փոխարեն նոր հայտով 21 դրամ է ամրագրված: Այսօր կայացած ասուլիսում այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Սա բաց թալան է: Քո մասնաբաժինը հավասար լինի արտադրողի գնին, աննորմալություն է դա, քո գործառույթն է արտադրողից հասցնել սպառողին: Կորուստներն ուտելու լավագույն տեղն են: Չկա որևէ տեղ, որ կորուստները լինեն այսքան մեծ, հարյուրավոր միլիոններ ներդրումներից հետո հայտարարում են 13 տոկոս կորուստների մասին, իսկ Երվանդ Զախարյանը օդում հայտարարեց 15 տոկոսի մասին»,- նշեց նա:
Նա նշեց, որ մաշվածությունն այս հայտով ներկայացվել է 8 մլրդ դրամ՝ նախկին 4 մլրդ-ի փոխարեն: «Սա ախորժակ է, հասկանո՞ւմ եք, էս բոլորն ուտելու տեղեր են: Սահմանին գազի գնի իջեցումը պետք է բերեր հոսանքի գնի իջեցմանը, ինչպես նաև գազի սակագնի իջեցմանը: Իրենք այդ իջեցումները չեն արել, այլ լկտիաբար բերել են հակառակ հայտերը: Մեր արտադրողների այս վախվորած, կողքից նայելը ամոթ է, կոչ եմ անում արտադրողներին աջակցել այն կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, որոնք իրենց առաջ խնդիր են դրել թույլ չտալ սակագնի թանկացումը»,- եզրափակեց նա: