Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը ՀՀԿ-ից հեռացված, Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանն էր` Պալաչը:
Հարց ու պատասխանից մի հատված ներկայացնում ենք ստորև:
– Կուսակցությունից հեռացնելու մասին որոշումն անակնկա՞լ էր:
– Այո, անակնկալ էր: Ես որպես Աբովյանի բնակիչ եմ ինքնաառաջադրվել, կուսակցության կարծիքը չեմ հարցրել: Այդքան բան, ես առաջադրվելու մասին հենց սկզբից էի ասել:
– Ձեզ չէին տեղեկացնո՞ւմ, որ կարող էիք կարգապահական տույժի ենթարկվել:
– Ոչ, ես տեղյակ չեմ, նման բան չկա:
-Հանրապետական կուսակցությանը ո՞ր թվականից եք անդամակցել:
– Ես անդամագրվելու մասին դիմումը գրել եմ 2012թ., երևի թե այդ ժամանակվանից: Անդամատոմսը ստացել եմ մեկ ամիս առաջ: Մնացել էր իրենց մոտ:
– Այլևս չե՞ք ափոոսում, որ ՀՀԿ-ական չեք:
– Հավատացեք` ոչ:
– Իսկ ի՞նչ էր տալիս ՀՀԿ-ական լինելը:
– Ոչ մի բան, ուղղակի ես կիսել եմ ՀՀԿ-ի գաղափարներն ու իմ ցանկությամբ անդամագրվել:
– Դուք ուզո՞ւմ եք, որ Հայաստանում իշխանափոխություն լինի:
– Ոչ: Այսօր, որ մենք ապրում ենք այս խաղաղ երկնքի տակ, մեր իշխանության վարած ճիշտ արտաքին քաղաքականության արդյունքն է:
– Որևէ ուժ, քաղաքական նախաձեռնություն սատարելո՞ւ է ձեզ ընտրություններում:
– Ոչ, ես չեմ բանակցում: Իմ բանակցությունները միայն Աբովյան քաղաքի բնակիչների հետ են: Սա վերաբերում է այդ քաղաքում ապրող խավին: Այդտեղ որոշողն Աբովյանի բնակիչն է: Նա պետք է ընտրի, թե ով կլինի իր ղեկավարը: ՀՀԿ-ի դերակատարումը միգուցե մեծ է, միգուցե մեծ չէ, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել:
– Նշվում էր, որ կուսակցության մարզային կառույցը ընտրել է ինտելեկտուալ թեկնածուի: Նշանակում է` ինտելեկտով զիջո՞ւմ եք Վահագն Գևորգյանին:
– Ոնց կարելի է ասել` զիջում եմ կամ չեմ զիջում: Նա շատ նորմալ անձնավորություն է, ճանաչում եմ, բայց Վահագն Գևորգյանը ներկայացնում է ինչ-որ մի ուժի, որը ղեկավարել է այդ քաղաքը երկար տարիներ: Այժմ Աբովյան քաղաքի մեծ հատված դժգոհ է ստեղծված իրավիճակից և ես գտնում եմ, որ իմ ուժերը հերիքում են, որ ես պիտանի լինեմ աբովյանցիներին:
– Ինչպես կգնահատեք Գագիկ Ծառուկյանի փեսայի գործունեությունը` որպես Աբովյանի քաղաքապետ:
– Որպես անձնավորություն Ծառուկյանի փեսան շատ լավն է: Որպես քաղաքապետ` սենց ասեմ, եկեք ես այս հարցին չպատասխանեմ, թողնում եմ աբովյանցիների դատին: