Վաղ է համայնքների խոշորացումը սկսելը, երբ հայտնի չէ, թե դրա արդյունքում որ համայնքում որքան ֆինանսական ներդրումներ կկատարվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին համայնքների խոշորացման հարցով հանրաքվե կանցկացվի Դիլիջան քաղաքում, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան, Հովք, Աղավնավանք գյուղերում: Որքան մոտենում է տեղական հանրաքվեի օրը, այնքան այդ համայնքներում ավելի շատ հանդիպումներ եւ քննարկումներ են կայանում:

Մայիսի 11-ին Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ էր գումարել Հաղարծնի մշակույթի տանը: Մասնակցում էին հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Արայիկ Աղաբաբյանը եւ Մնացական Մնացականյանը: Նիստին ներկա էին մարզի համայնքների ղեկավարներ եւ բնակիչներ, քննարկվեցին համայնքների խոշորացման հետ կապված հարցեր: Ստեփան Մարգարյանը հայտարարեց, թե չնայած տեղական հանրաքվեի արդյունքները չեն կարող ազդեցություն ունենալ գործընթացի վրա, այնուամենայնիվ, շատ կարեւոր է, որ գյուղացիները ակտիվորեն մասնակցեն առաջիկա հանրաքվեին:

Պատգամավորի խոսքով` հանրաքվեին մասնակցելով՝ համայնքների բնակիչները հարցի վերաբերյալ դիրքորոշում կհայտեն, որը հետագայում, երբ խորհրդարանում կներկայացվի Կառավարության համապատասխան նախագիծը, պատգամավորներին կօգնի հարցի քվեարկության ժամանակ կողմնորոշվել: Թե Հայաստանի խորհրդարանում պատագամավորները քվեարկությունների ժամանակ որքանո՞վ են առաջնորդվում, բնակիչների կարծիքով, բոլորին է հայտնի, ուստի Մարգարյանի ներկայացրած հիմնավորումը բավականին թույլ էր: Դիլիջանից 10 կմ հեռավորությամբ գտնվող Հաղարծին համայնքի ղեկավար Սարգիս Պողոսյանը նիստի ընթացքում ասաց, որ շատ վաղ է համայնքների խոշորացումը սկսելը, երբ հայտնի չէ, թե դրա արդյունքում որ համայնքներում որքան ֆինանսական ներդրումներ են կատարվելու:

Ս. Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում էլ հայտարարել է, որ ինքն այլեւս չի առաջադրվելու որպես համայնքի ղեկավարի թեկնածու, ուստի համայնքների խոշորացման վերաբերյալ իր դիրքորոշումը կապ չունի այդ հարցի հետ:
Նկատենք, որ խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեին մի քանի օր է մնում, սակայն շատ հարցեր դեռեւս պարզ չեն, օրինակ՝ համայնքների ունեցվածքի խնդիրը:

Նշված նիստում խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը շեշտեց, որ յուրաքանչյուր համայնք շարունակելու է տիրապետել իր ունեցվածին, սակայն թե դա ինչ սկզբունքով կիրականացվի, դեռ քննարկման փուլում է:
Հավելենք, որ համայնքների խոշորացմանը առավել հոռետեսական են վերաբերում հին տարեգրություն ունեցող գյուղերի՝ Հաղարծնի, Գոշի, Թեղուտի բնակիչները:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս