Ընդամենը մի քանի օրից ամառ է, իսկ սեզոնի փոփոխությունը ենթադրում է նոր տրամադրություն, նոր գույներ եւ նորաձեւության նոր միտումներ: «Ժողովուրդ»-ը ոճաբան Արփինե Կոշտոյանից հետաքրքրվել է, թե որ թրենդներն են այս ամառ հավակնում դառնալ գերիշխող, եւ ինչպես պետք է ամռանը հագնվեն նորաձեւության իսկական սիրահարները:
Այսպիսով, ոճաբանի խոսքով` այս ամառվա գլխավոր թրենդներից են կիսաթափանցիկ կամ որեւէ նուրբ գործվածքից ժակետները (մաքսի կամ միդի): Ժակետների թեման շարունակում են ժիլետները: Եթե գարնան սկիզբն ազդարարվեց վերարկուանման ժակետներով, ապա ամռանը ակտուալ կլինեն շիֆոնից ժիլետները: Այս ամռանը նորաձեւ կլինեն նաեւ մի քանի պրինտների եւ գործվածքների միքսերը, որոնք կմատուցվեն էկլեկտիկ ոճում:
Ոճաբանը խորհուրդ է տալիս այս ամռանը մոռանալ կիպ զգեստների մասին. «Նորաձեւ կլինեն պարզ, ուղիղ, թույլ, մարմինը ոչ կիպ գրկող ձեւվածքները եւ թափանցիկ կտորները: Կիպ տաբատները եւս այլեւս նորաձեւ չեն. փոխարենը ակտուալ են թեթեւ կտորներից, լայնացող տաբատները, որոնք գեղեցիկ են նայվում կիսաթափանցիկ, մինիմալիստական ձեւվածքի, մեծ, լայն թեւերով վերնաշապիկների, բլուզների հետ: Դրանց վրայից կարելի է հագնել թավշե կամ թավշե դետալներով ժիլետներ»,-ասաց Ա. Կոշտոյանը:
Նրա խոսքով` այս ամռանն ակտուալ են լինելու նաեւ զամշից բախրամաներով պայուսակները եւ երկարաճիտ ամառային կոշիկները, որոնց վրա եւս կլինեն բախրամաներ: Ակտուալ կլինի նաեւ սպորտային կոշիկների` բոթասների համադրումը դասական միդի կիսաշրջազգեստների հետ:
Անդրադառնալով գույներին` ոճաբանը տեղեկացրեց, որ ամռանը նորաձեւ են լինելու բոլոր պաստելային երանգները եւ դրանց համադրությունները:
«Ամռանը որքան յուրօրինակ միքսեր անեք, այնքան լավ: Կարելի է հետաքրքրիր համադրություններով ստաանալ նոր լուքեր, պրզապես պետք է գտնել ամռանը բնորոշ տարրերն ու գույները, այդ դեպքում ամառային տրամադրությունն ու հոգեվիճակն ապահովված կլինեն»,- եզրափակեց ոճաբանը:
Աննա Բաբաջանյան