Մշակույթի նախարարությունը մշտապես իր ուշադրության ներքո է պահում օրենսդրական դաշտը: Պատահական չէ, որ այժմ նախարարությունը մշակել և շարունակում է մշակել մի շարք օրենքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Մշակվեց և արդեն ԱԺ է ներկայացվել «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը: Ներկայումս մշակման փուլում է «Հուշարձանների մասին» օրեքի նախագիծը, կրկին քննարկվել է և կառավարություն կներկայացվի «Կինոյի մասին» օրենքի նախագիծը: Կարծում եմ, որ սա շատ կարևոր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը:
Նախարարը հատուկ շեշտեց, որ «Կինոյի մասին» օրենքը մշակվում է ՀՀ Նախագահի հանձնարարարությամբ՝ հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում կինոարտադրության ոլորտում վերջին տարիներին:
«Հայկական կինոն ակտիվ ներգրավված է համապրոդյուսերական գործընթացներում: Այսօր մեծ քանակությամբ ֆիլմեր են նկարահանվում: Բնականաբար, անհրաժեշտ են պետական խթանման միջոցներ: «Կինոյի մասին» օրենքը, հուսով եմ, կկարգավորի այդ դաշտը»,- նշեց նախարարը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ մարտին տեղի է ունեցել «Կինոյի մասին» օրենքի նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները: